ԴԱՀԿ-ի կազմակերպած միջազգային համաժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած միջազգային գիտագործնական`«Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգայինհամաժողովի մասնակիցները հոկտեմբերի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողը Հարկադիր կատարման ծառայության, իսկ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը Դատական կատարողների միջազգային միության անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Այնուհետև համաժողովի մասնակիցներն այցելեն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ դիտել են Ցեղասպանության մասին պատմող ֆիլմ: Հայոց ցեղասպանության թանգարանում համաժողովի մասնակիցներին Ցեղասպանության մասին պատմող՝ «Դարի առաջին ցեղասպանությունը» վերնագրով գրքեր են նվիրվել:
Լեո Նետենը գրառում է կատարել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում, որից հետո ծառ է տնկել հիշատակի պուրակում: Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովը ջրել է հիշատակի պուրակի` իր անվան եղևնին, որը նա տնկել է 2011թ. մայիսի 5-ին, երբ Հարկադիր կատարման ծառայության 13-ամյակի առիթով այցելել էր Հայաստան և Ծեծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: