Տնտեսություն

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրի ցուցանիշները

4 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրի ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առևտրի ընդհանուր ցուցանիշն ընթացիկ տարվա ութ ամիսներին կազմել է ավելի քան 839 միլիոն 535 հազար 500 դոլար, որը կազմում է ՀՀ արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 23.1տոկոսը: Եվրասաիական տնտեսական միության անդամ Ռուսաստանից հունվար-օգոստոսին ներմուծվել է շուրջ 646 մլն 670 հազար դոլարի ապրանք, արտահանվել՝ 184 մլն 775.8 հազարի, Բելառուսից ներմուծվել է 17 միլիոն 67.5 հազարի, արտահանվել՝ 5 մլն 529.4 հազարի: Ղազախստանի հետ Հայաստանի առևտրային ցուցանիշներն այս տարվա ութ ամիսներին ունեցել են այս տեսքը՝ ներմուծումը կազմել է մոտ 352.8 հազար դոլար, արտահանումը՝ ավելի քան 4 միլիոն 572.5 հազար դոլար:

Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառություն

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկեր երկիրը՝ թե արտահանման և թե ներմուծման տվյալներով: Ընդ որում, Հայաստանից Ռուսաստան են արտահանվել շուրջ 400 ապրանքախմբերում ընդգրկված ապրանքներ: Հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներում առավել մեծ տեսակարար կշիռ են ունեցել հետևյալ ապրանքները՝ էթիլային սպիրտ և այլ սպիրտային ըմպելիքներ, ադամանդ, ծիրան, դեղձ և այլ մրգեր, թարմ կամ պաղեցրած ձուկ և խեցգետնակերպեր: Արտահանված ապրանքների մեջ մեծ է նաև պահածոյածված մրգերի, հատապտուղների և ընկուզեղենի, բնական և արհեստական ջրերի կշիռը։

Ընթացիկ տարվա ութ ամիսներին Ռուսաստանից Հայաստան ներմուծված առավել բարձր մաքսային ընդհանուր արժեք ունեցող ապրանքներն են՝ բնական և հեղուկ գազը, նավթ եւ նավթամթերքը, ցորենը, անմշակ ալյումինը և ձեթը: Ռուսաստանից մեր երկիր է ներկրվել նաև շոկոլադ, էթիլային սպիրտ և այլ սպիրտային ըմպելիք, եգիպտացորեն, սիգարետ, մարգարին և այլ սննդամթերք, անվադողեր, ադամանդ, մարդատար ավտոմեքենաներ, բեռնաթափելու և բարձրացնելու համար նախատեսված մեքենաներ, հաց և հրուշակեղեն:

Հայաստան-Բելառուս առևտրաշրջանառություն

2014 թվականի ութ ամիսների ընթացքում Հայաստանից Բելառուս արտահանման ցուցանիշի հիմնական մասն ապահովել է էթիլային սպիրտը: Բելառուսից ապրանքների ներմուծման մեջ մեծ է անվադողերի տեսակարար կշիռը: Ներկրվել է նաև բեռնափոխադրման համար շարժիչային փոխադրամիջոցներ, տրակտորներ, ինչպես նաև դեղամիջոցներ, կաթ ու կաթի փոշի և այլն:

Հայաստան-Ղազախստան առևտրաշրջանառություն

Հայաստանից Ղազախստան արտահանված ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքները էթիլային սպիրտն ու այլ սպիրտային ըմպելիքներն են և ոսկերչական իրերը: Ղազախստանից մեր երկիր ներմուծման ցուցանիշի հիմնական մասն ապահովել է երկաթից ու պողպատից հարթ գլանվածքը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին կմիանա 2015 թվականի հունվարի 1-ին: Համապատասխան պայմանագիրը կկնքվի այսօր՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: 2014 թվականի մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, որը գործողության ուժ ստանա 2015 թվականի հունվարի 1-ից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում