Իրավունք

Հայաստանն առաջընթաց է արձանագրել ընտանեկան բռնությունների դեմ պայքարում. Վլադիմիր Գասպարյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջընթաց է արձանագրել ընտանեկան բռնությունների դեմ պայքարում. Վլադիմիր Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին և նրան ուղեկցող անձանց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը ներկայացրել է մեր հանրապետությունում անչափահասների և կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի աշխատանքներն արդյունավետ համակարգելու նպատակով իրականացված միջոցառումները, ինչպես և պատվիրակությանը հանձնել վերջին շրջանում ոստիկանությունում կատարած աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ու տեսանյութերը:

Ընդգծելով ընտանեկան բռնությունների դեմ տարվող աշխատանքի կարևորությունը՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանությունում այդ ուղղությամբ պայքարն առավել արդյունավետ դարձնելու գիտակցությամբ է ոստիկանությունում կազմավորվել համապատասխան վարչություն, որին տրվել է բարձր կարգավիճակ: Կառուցվածքային այս փոփոխության դրական արդյունքներն արդեն իսկ ակնհայտ են:

Ի պատասխան հյուրերի՝ ոլորտի ծառայողների մասնագիտական պատրաստականության վերաբերյալ հարցին՝ ոստիկանության պետը նշել է, որ գործնական պարապմունքներն այդ, ինչպես և այլ ոլորտներում ոստիկանությունում պարբերական բնույթ ունեն, իսկ ոստիկանության ակադեմիայում այս օրերին էլ գործում է մասնագիտական դասընթաց՝ եվրոպացի գործընկերների համագործակցությամբ:

Սպառիչ պարզաբանումներ են տրվել նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների՝ Հայաստանի ոստիկանությունում կանանց ծառայության, նրանց իրավունքների պաշտպանության, մասնագիտական ու ծառայողական առաջընթացի ապահովման վերաբերյալ հարցերին:

Հյուրերը ներկայացրել են մեր հանրապետությունում արձանագրված ընտանեկան բռնության մի քանի կոնկրետ դեպքեր, և Վլադիմիր Գասպարյանը հաստատել է դրանք խորապես ուսումնասիրելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ոստիկանության հանձնառությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ ևս:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում