Վրաստանի միգրացիոն նոր օրենքի ընդունումից հետո իշխող կուսակցության վարկանիշը նվազել է 5-6 տոկոսով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վրաստանի միգրացիոն նոր օրենքի ընդունումից հետո իշխող կուսակցության վարկանիշը նվազել է 5-6 տոկոսով: Այս մասինլրագրողների հետ հանդիպմանը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Նա հիշեցրեց, որՎրաստանի միգրացիոն նոր օրենքի համաձայն այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիները պետք է ստանան միգրացիոն վիզա։ «Նոր միգրացիոն օրենքի համաձայն՝ Վրաստանում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է գան Հայաստան և Վրաստանի դեսպանատնից ստանան D կարգի միգրացիոն վիզա, այնուհետև Վրաստանում դիմեն Արդարադատության տուն և ստանան կեցության իրավունք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց վրացագետըև հավելեց, որ Վրաստանում անցկացված սոցիլոգիական հարցումները ցույց են տվել, որ նշված օրենքի ընդունումից հետո իշխող կուսակցության հանդեպ հանրության վստահությունը նվազել է 5-6%-ով։
Նա տեղեկացրեց նաև, որ Վրաստանում երկքաղաքացիություն ունեցող տեղաբնիկ հայերից շատերը, դեռևս Սահակաշվիլիի օրոք զրկվել էին Վրաստանի քաղաքացիությունից և իրենք այժմ պետք է ստանան կեցության քարտ, որը տրվում է 6 տարով և այդ ժամկետի ավարտից հետո կարող են դիմել Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար։ «Իհարկե, վերը նշված փոփոխությունները, դժգոհությունների ալիք եեն բարձրացրել վրաստանաբնակ հայերի մոտ, քանի որ նոր օրենքով ՀՀ և մի շարք այլ երկրների քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել վեցամսյա ժամկետում առավելագույնը 90 օր»,- մանրամասնեց Ջոնի Մելիքյանը` հավելելով, որ այս օրերին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Աժ նախագահ Գալուստ Սահակյանը անպայման վրաց իշխանությունների ուշադրությունը կհրավիրի այս օրենքի կիրառումից ՀՀ քաղաքացիների մոտ առաջացած որոշակի դժվարությունների վրա։
Վրացագետը կարևորեց է նաև Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերաբերյալ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում արած հայտարարությունը։ «Հույս կա, որ այս հայտարարությունից հետո որոշակի գործնական քայլեր կկատարվեն Վրաստանում հայկական եկեղեցիների վերականգման ուղղությամբ»,- ընդգծեց բանախոսը։
Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել միգրացիոն նոր օրենքը, որի համաձայն` երկրում օտարերկրացիների գտնվելու ժամկետը կես տարվա ընթացքում կրճատվել Է մինչեւ 90 օր, իսկ ավելի երկար բնակության համար օտարերկրացին պետք է հատուկ այցագիր կամ կեցության վկայական ունենա։ Ժամանակավոր կեցության վկայականը ներառում է բնակության թույլտվություն աշխատանքի կամ ձեռներեցությամբ զբաղվելու համար, բնակության թույլտվություն` Վրաստանում հավատարմագրված ուսումնական հաստատություններում սովորելու համար, ընտանիքի վերամիավորման, Վրաստանի նախկին քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար, ում կարգավիճակը պարզվել է Վրաստանում: