Քաղաքականություն

ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ սահմանադրական բարեփոխումներին. Թորբյորն Յագլանդ

2 րոպեի ընթերցում

ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ սահմանադրական բարեփոխումներին. Թորբյորն Յագլանդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ այդ պատասխանատու առաքելության մեջ:

Հանրապետության Նախագահը, ԵԽ գլխավոր քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այդ գործընթացում երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ սահմանդրական բարեփոխումների գործընթացին: Թորբյորն Յագլանդը կարևորել է գործընթացը և դրան Վենետիկի հանձնաժողովի մասնակցությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը վերահաստատել է այդ գործընթացին ԵԽ աջակցությունը շարունակելու պատասրաստակամությունը և վստահություն հայտնել, որ դա կնպաստի մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա Հայաստանի և նրա հասարակության զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացն էլ ավելի խորացնելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում