Քաղաքականություն

ՀՀ Նախագահը ՄԱԿ-ում բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչության և Իրաքի եզդների պաշտպանության հարցի մասին

3 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ՄԱԿ-ում բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչության և Իրաքի եզդների պաշտպանության հարցի մասին

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքի հյուսիսում ստեղված աղետալի իրավիճակն օր-օրի ահագնանում է` վտանգելով հարյուր հազարվոր խաղաղ մարդկանց, այդ թվում` Հալեպի տասնյակ հազարավոր հայերի կյանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 6-րդ լիագումար նիստիժամանակ` կազմակերպության բարձր ամբիոնից հայտնելով ահաբեկիչների կողմից Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման փաստի մասին:

«Այսօր բոլորիս աչքի առջև են Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, երբ կրոնական և ազգային փոքրամասնությունները դառնում են ատելություն դավանող խմբերի թիրախ: Երկու օր առաջ ահաբեկիչների կողմից ականապատվեց և պայթեցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է, որը որևէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող: Սիրիայում և Իրաքի հյուսիսում ստեղծված աղետալի իրավիճակն ահագնանում է օր-օրի, և այսօր արդեն ուղղակի վտանգի տակ են հարյուր հազարվոր խաղաղ մարդիկ, այդ թվում նաև Հալեպի տասնյակ հազարավոր հայերը: Սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու մեր համատեղ հանձնառությունների շրջանակում: Հայաստանը բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչության և Իրաքի հյուսիս-արևմուտքում բնակվող եզդի բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը, և քաջալերված ենք տեսնելու միջազգային համայնքի միասնական դիրքորոշումն այս հարցում:

Համաշխարհային խաղաղության և անվտանգության պահպանությունը մեր կազմակերպության ստեղծման և գոյության իմաստն է: Վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն ամրապնդել է իր խաղաղապահ կարողությունները՝ նախապատրաստելով մեր երկրի առավել ընդգրկուն ներգրավումը միջազգային խաղաղության և կայունության ապահովմանը: Շատ մոտ ապագայում հայ խաղաղապահները կտեղակայվեն Լիբանանի հարավում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության շրջանակներում: Դա հնարավոր դարձավ մեր իտալացի գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ: Վստահ եմ, որ հայ զինծառայողները արժանապատվորեն և բարձր պրոֆեսիոնալիզմով կիրականացնեն իրենց առաքելությունն՝ օգտագործելով նաև արդեն մեկ տասնամյակի ընթացքում Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում ձեռք բերված հարուստ փորձը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահը մասնակցել է Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի6-րդ լիագումար նիստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում