Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանի հոդվածը «International New York Times»-ում

10 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանի հոդվածը «International New York Times»-ում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկյան հեղինակավոր «International New York Times» պարբերականը հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը` «Պատմության մութ, անավարտ էջը. Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ, որը «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ:

Այս տարի լրանում է իր մասշտաբների և դաժանության մեջ աննախադեպ մարդկային մեծ աղետի` Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Այն խլեց մոտ 14 միլիոն մարդկային կյանք, որոնցից 5 միլիոնը քաղաքացիական անձինք էին, իսկ 9 միլիոնը՝ զինվորականներ: Միլիոնավոր մարդիկ էլ վիրավորվեցին, դարձան ռազմագերիներ կամ տեղահանվեցին՝ ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողերը: Վերջիններիս թվում էին նաև հայերը, ովքեր գրեթե բնաջնջվեցին երկրի երեսից:

Հաջորդ տարի հայ ժողովուրդը ոգեկոչելու է այն իրադարձությունների հարյուրամյակը, որոնք հանդիսացան Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային տեղահանումների և սպանությունների գագաթնակետը: 1915թ. դարձավ Օսմանյան Թուրքիայի կողմից մշակված և դեռևս 19-րդ դարի վերջերից գործի դրված՝ հայերի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների և ցեղասպանության քաղաքականության բարձրակետը, որը որպես այդպիսին ճանաչվել է դեռևս այդ ժամանակ: 1915թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ «Օսմանյան իշխանությունների թողտվության պայմաններում, հաճախ նաև վերջիններիս աջակցությամբ, մոտավորապես մեկ ամիս շարունակ Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը կոտորում է հայերին»: Այս հայտարարությունը կարող է համարվել այն առաջին միջազգային փաստաթուղթը, որտեղ հիշյալ իրադարձությունները որակվել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված Թուրքիայի նոր հանցագործություն»:

Երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված՝ մի ողջ ազգի ոչնչացմանն ուղղված վայրագությունների չափերն ու մասշտաբները դարձնում են դրանք աննախադեպ պատմական ողբերգություն, որը խլեց 1.5 միլիոն հայի կյանք: Այն մի ողջ ազգի ոչնչացման նպատակ էր հետապնդում, և դա գրեթե հաջողվեց: 1929թ. լույս տեսած «Համաշխարհային ճգնաժամը» գրքում Ուինստոն Չերչիլը գրելու էր. «Պատմությունն ապարդյուն է փնտրելու Հայաստան բառը»:

Իսկապես, լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը առաջին անգամ գործածել է «ցեղասպանություն» եզրույթը՝ բնորոշելու ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածը Օսմանյան իշխանությունների կողմից, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից հրեաների զանգվածային սպանությունները: Երկու դեպքում էլ զանգվածային սպանությունները տեղի են ունեցել առավել լայն՝ պատերազմի համատեքստում: Ըստ պատմաբան Մարկ Լևինի, դա պատերազմ է ոչ թե պետությունն ընդդեմ պետության, այլ պետությունն ընդդեմ ազգի: Այլ խոսքերով, ցեղասպանությունը պատերազմի տեսակ է, որը պետությունը կամ ռեժիմն իրագործում է ժողովրդի դեմ:

Հայոց ցեղասպանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված հրեաների Ողջակիզման, Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում իրագործված ցեղասպանությունների տխրահռչակ «իրավանախորդն» էր: Պատմության մութ շրջանը կրկնում է ինքն իրեն մասամբ նաև անցյալում անավարտ մնացած գործերի պատճառով: Հայոց ցեղասպանության անպատիժ մնալու փաստը մեծ խթան էր ապագա բռնապետերի համար: Ադոլֆ Հիտլերը, օրինակ, եկավ այն եզրահանգման, որ միջազգային հանրությունը պատրաստ է հանդուրժելու ցեղասպանությունները, հատկապես երբ դրանք տեղի են ունենում «պատերազմի մշուշի» ներքո:Հիտլերի մտքում մեծ մասամբ հայերի կոտորածներն էին, երբ 1931թ.՝ նախքան իշխանության գալը, նա քննարկում էր ոչ գերմանացի փոքրամասնությունների տարաբնակեցման քաղաքականության անհրաժեշտության հարցը. «Մենք մտադիր ենք իրականացնել տարաբնակեցման քաղաքականություն: Մտածե՛ք աստվածաշնչյան տեղահանությունների և միջնադարյան կոտորածների մասին... և հիշե՛ք հայերի բնաջնջումը»: 1939թ. Հիտլերը կրկնեց այս խոսքերը լեհ բնակչության հանդեպ ծրագրած քաղաքականության համատեքստում. «Ես պատրաստության եմ բերել իմ ստորաբաժանումները, առայժմ միայն արևելքում` հրամայելով նրանց, առանց գթալու և խղճահարության, անխտիր սպանել լեհ ազգին կամ լեզվին պատկանող բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին: Միայն այս միջոցով մենք ձեռք կբերենք մեզ անհրաժեշտ կենսական տարածքները: Ի վերջո, այսօր ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»:

Հայոց ցեղասպանությունը հիշեցում է մեզ պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաև հանցագործություններն անպատիժ և չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետևանքների մասին: Նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, ապագա ցեղասպանությունները հասկանալու և կանխարգելելու բանալին է: Չնայած 1948թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի գոյությանը, որը կոչված է կանխարգելելու հետագա ցեղասպանությունները՝ մենք վստահ ենք, որ այս կամ ցանկացած այլ փաստաթուղթ չի կարող պատշաճ կերպով իրականացվել, քանի դեռ նախորդ կոտորածները չեն , ճանաչվել: Մենք համարում ենք, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն: Եթե այն արդարացիորեն ճանաչվեր, կարող էր ապագա ոճրագործությունները կանխարգելող դեր կատարել: Հայաստանը շարունակելու է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի շրջանակներում և այլ միջազգային հարթակներում՝ հասնելու աշխարհի ցանկացած մասում նմանատիպ գործողությունների համընդհանուր դատապարտմանը:

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել աշխարհասփյուռ հայության՝ համար, որոնց հետնորդները հազարամյակներ շարունակ, մինչև վայրենաբար արմատախիլ արվելը, ապրել են իրենց հայրենիքում: Անկախ և ազատ Հայաստանի բացակայության պայմաններում սփյուռքը և նրա հաստատությունները ձևավորվել են որպես հայկական ժառանգության պահապաններ մինչ ազատ հայ ժողովրդի վերածնունդը:

Քսաներեք տարի առաջ հայկական եռագույնը կրկին ծածանվեց Երևանում՝ խորհրդանշելով անկախ հայրենիքի վերածնունդը: Հայ ժողովուրդը ստացավ իր հայրենիքում ազատ ապրելու մի նոր հնարավորություն:

Հայաստանի վերահաստատված անկախությունը Թուրքիայի հետ հարաբերությունների նոր դարաշրջան սկսելու հնարավորություն էր: Հայաստանի դիրքորոշումն արտացոլված է տասնամյակների պատմություն ունեցող «առանց նախապայմանների» հարաբերություններ հաստատելու սկզբունքի մեջ: Այն 2008թ. Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու, ինչպես նաև 2009թ. ստորագրված արձանագրություններում ամրագրված հիմնական սկզբունքն էր: Գաղափարն էր դրական միջավայր ստեղծել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանների բացումից հետո երկու հասարակությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխըմբռնման և հաշտեցման համար:

Դժբախտաբար, Թուրքիան, հետ կանգնելով ձեռք բերված համաձայնություններից, հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը, ապօրինի տնտեսական շրջափակում է իրականացնում և մերժում է անցյալում իրագործված հանցագործությունների և անարդարությունների պատմական ճշմարտությունը: Մի կողմ դնելով պատմական ճշմարտությունը՝ քանի դեռ երկաթե վարագույրի վերջին հատվածը՝ հայ-թուրքական սահմանը, շարունակում է փակ մնալ, այն խաթարելու է կովկասյան տարածաշրջանի առողջ զարգացումն ու տարածաշրջանային ինտեգրացիան՝ մշտապես անկայունություն ներարկելով աշխարհի ռազմավարական առումով այս զգայուն հատվածում:

Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների ապագան պետք է հիմնվի երկու պետությունների միջև հարաբերությունների պատմական հաշտեցման վրա: Պատմական ճշմարտության ընդունումը կարող է օգնել հաղթահարելու հայ և թուրք ժողովուրդների միջև եղած խոր տարաձայնությունները: Մենք հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող որևէ կերպ դիտարկվել որպես թուրք ժողովրդի արժանապատվության ոտնահարում, նրա նկատմամբ սպառնալիք կամ հարձակում: Շատ թուրք մտավորականներ, գրողներ, գիտնականներ սկսել են բացահայտ կերպով խիզախորեն և շիտակ քայլել ինքնավերլուծության և ուսումնասիրության դժվարին ուղիով: Այս համատեքստում կարևոր է, որ միջազգային հանրությունն աջակցի, խրախուսի թուրք քաղաքական առաջնորդներին արդարությանն ու պատմական ճշմարտությանը նույն նվիրվածությունը ցուցաբերելու հարցում, որ արդեն իսկ արել են հարգանք վայելող իրենց համաքաղաքացիները՝ արժանապատվորեն և մարդասիրաբար եզրափակելու մարդկային պատմության մութ, անավարտ էջերից մեկը:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում