Իրավունք

ԱՄՆ-ն Հայաստանին կաջակցի դատաիրավական բարեփոխումների իրականացման ոլորտում

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Հայաստանին կաջակցի դատաիրավական բարեփոխումների իրականացման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այսօր` սեպտեմբերի 9-ին, ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ hամաձայնագրի փոփոխությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,

համաձայնագրով մոտ 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար:

Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության համար և նշել, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը, Արտաքին գործերի նախարարությունը, Ոստիկանությունը, Դատախազությունն այս ոլորտում ԱՄՆ առանցքային գործընկերներն են: «Մեր աշխատանքի նպատակը Հայաստանում օտարերկրյա ներդրումներ ներգրավելն է. օտարերկրյա ներդրողների համար չկա ավելի կարևոր բան, քան դատարանների, արդարադատության համակարգի թափանցիկությունն է: Այս համաձայնագրով նախատեսված աջակցությունը կուղղվի ոստիականության, քրեակատարողական համակարգերի բարեփոխումներին, դատաիրավական ոլորտում նախատեսվող այլ աշխատանքներին»,- նշել է դեսպանը:

Հովհաննես Մանուկյանը նույնպես կարևորել է երկու պետությունների կառավարությունների միջև համագործակցության շարունակականությունը և ընդգծել, որ ԱՄՆ աջակցությունն ուղղված է Հայաստանի համար ամենակարևոր ու զգայուն ոլորտներին՝ դատական համակարգին և քրեակատարողական ծառայությանը: «Շնորհակալ եմ մեր գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Վստահեցնում եմ, որ այս համագործակցությունը շատ կարևոր է մեր երկրի համար, որովհետև իրավական-դատական համակարգը, ինչպես նաև իրավունքի գերակայությունը մեր Կառավարության առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Արդարադատության նախարարը:

Ֆինանսավորումը կօգնի ՀՀ կառավարությանն անդրազգային հանցանքների դեմ պայքարելու, իրավապահ մարմինների կարողությունները զարգացնելու, ինչպես նաև դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների գործընթացին ուղղված հետագա աշխատանքներում: Այս աջակցության շրջանակում իրականացվող երկկողմ ծրագրերը ներառում են Ամերիկյան փաստաբանների ընկերակցության Քրեական իրավունքի բարեփոխումների, Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ ՀԿ-ի իրավական սոցիալականացման համայնքային գործողությունների ու կապերի և մշտական իրավախորհրդատուի ծրագրերը: Այն նաև կնպաստի իրավապահ կարողությունների կատարելագործմանը, հակաթրաֆիքինգային և հակակոռուպցիոն աշխատանքներին, ինչպես նաև նոր քրեակատարողական և պրոբացիոն համակարգի զարգացմանը:

2001թ.-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր, Միացյալ Նահանգների կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել շուրջ քսաներկու միլիոն ԱՄՆ դոլար: Այս օժանդակությունը և համագործակցությունը խորհրդանշում են ԱՄՆ դեսպանության ու ՀՀ կառավարության կողմից Հայաստանի իրավապահ ոլորտի արդիականացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքներին ու իրավունքի գերակայությանն ուղղված համատեղ ջանքերը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում