ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը, Լեոնարդո դի Կապրիոն եւ Ռոբերտ դե Նիրոն երկու օրում 13-ական միլիոն դոլար են վաստակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով New York Post թերթին, նրանցից յուրաքանչյուրը հենց այդքան հոնորար է ստացել գովազդային տեսահոլովակում նկարահանվելու համար, որը նախատեսվում է Մակաոյում բացվող Studio City խաղատան համար:
Տեսահոլովակի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է, որը վաղուց է համագործակցում դի Կապրիոյի եւ դե Նիրոյի հետ: Հոլովակի համար սցենարը գրել է «Սոպրանոյի կլանը» ժողովրդականություն վայելող սերիալի ստեղծողը՝ Թերենս Ուինթերը: Մինի-ֆիլմի բյուջեն, ըստ թերթի տվյալների, կազմել է 70 մլն դոլար:
Սկորսեզեի նախագծում նկարահանվելու համար Փիթը ստիպված է եղել ընդհատել մեղրամիսը Մալթայում եւ ժամանել Նյու Յորք: Անցած շաբաթ Օսկարի 50-ամյա դափնեկիրը ամուսնացել է դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: