Պաշտոնական

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ ԵԽ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ ԵԽ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ, Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Հարգելի պարոն Տուսկ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս, որը, հավատացած եմ, արգասաբեր կլինի թե՛ Եվրամիության անդամ պետությունների, թե՛ հարևան և գործընկեր երկրների համար:

Մենք շահագրգիռ ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հարաբերությունները մեր կարևորագույն գործընկեր Եվրոպական միության հետ շարունակեն ընդլայնվել՝ բացելով համագործակցության նոր հորիզոններ: Վերահաստատում եմ նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական միության հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված համապարփակ գործակցությունը շարունակելու Հայաստանի հանձնառությունը:

Վստահ եմ, որ մեր միջև սկիզբ առած կառուցողական երկխոսությունը և հայ-լեհական դինամիկ զարգացող միջպետական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ԵՄ-Հայաստան համագործակցության հետագա խորացման վրա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում