Շոու բիզնես

«Մանկական նոր ալիք»-ի առաջին օրը Դավիթ Վարդանյանը կկատարի Սոնա Շահգելդյանի «Կորո՞ւստ, թե գանձ» երգը

4 րոպեի ընթերցում

«Մանկական նոր ալիք»-ի առաջին օրը Դավիթ Վարդանյանը կկատարի Սոնա Շահգելդյանի «Կորո՞ւստ, թե գանձ» երգը

ՂՐԻՄ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանը մրցույթից առաջ բարձր տրամադրություն ունի: Ղրիմից«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթը նշեց, որ ուզում է լավ ելույթ ունենալ:

«Մրցույթի մասնակիցների հետ ընկերացել եմ, բոլորը շատ լավն են: Շատ ուժեղ են՝ հատկապես Իտալիայի և Վրաստանի ներկայացուցիչները: Բոլոր երգերը շատ գեղեցիկ են, իսկ մասնակիցները շատ լավ են կատարում դրանք»,-նշեց մրցույթի հայ պատվիրակը:

Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մրցակցությունը բավական մեծ է, և 17 մասնակիցներից առնվազն 10-ը հրաշալի են երգում: «Բոլորը հնարավորություններով, վոկալային տեխնիկայով շատ մոտ են իրար»,- նշեց Գրիգոր Կյոկչյանը:

Մրցույթի հայ պատվիրակն օրեր առաջ փոքր-ինչ հիվանդ էր: Դավթի երաժշտական պրոդյուսերն ընդգծեց, որ նա արդեն լավանում է: «Ցավոք, Դավիթը երեք փորձ բաց թողեց, սակայն այսօր մասնակցեց փորձին: Հուսով եմ, ամեն ինչ կհարթվի»,-նշեց նա:

Գրիգոր Կյոկչյանը հավելեց նաև, որ մրցույթի կազմակերպիչները փոխել են Դավթի երգերից մեկը: «Որոշված էր, որ առաջին՝ «Երկրի հիթի օր»-վա ժամանակ Դավիթը հանդես կգա Արտյոմ Հակոբյանի «Լուսավորական» երգով, որը ներկայացրել էր հայաստանյան «Մանկական Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլում: Սակայն այժմ հայտնի է դարձել, որ Դավիթը կկատարի Սոնա Շահգելդյանի «Կորո՞ւստ, թե՞ գանձ» ստեղծագործությունը: Պիտի աշխատենք այդ երգի վրա: Մենք միակը չենք, ում երգը փոխվել է: Երկրորդ օրն, ամենայն հավանականությամբ, կհնչի Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգը: Այդ երգերն, ըստ մեր այսօրվա տվյալների, վերջնական են և կներկայացվեն մրցույթում»,-հավելեց երաժշտական պրոդյուսերը:

Գրիգորի խոսքով, Դավիթը ոչնչից չի նեղվում: «Դա հաճախ նյարդայնացնում է»,-կես կատակ, կես լուրջ նշեց նա:

Նա և Դավիթը կոչ արեցին բոլորին համախմբվել և մրցույթի կայքում քվեարկել Հայաստանի պատվիրակի օգտին՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանանալու համար:

«Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը: «Մանկական նոր ալիք-2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերին, կանցկացվեն մրցանակաբաշխության, բացման ու փակման հանդիսավոր արարողություններ: Մրցութային առաջին օրը՝ օգոստոսի 16-ին Դավիթը հանդես կգա 10-րդ, երկրորդ օրը՝ 17-ին՝ առաջին համարի ներքո:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:

«Մանկական նոր ալիք»-ի ընթացքին հետևում է Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում