Առաջիկա 1-2 տարում էլեկտրաէներգիայի սակագների վերանայում չի սպասվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի նոր սակագների վերանայման վերաբերյալ Կառավարությունը հարց չի քննարկել, և մոտակա 1-2 տարվա ընթացքում սակագնի բարձրացումներ չեն սպասվում: Այս մասին «Երևան ՋԷԿ»-ում լրագրողների հետ հանդպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, սակայն, էներգահամակարգի ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարդ է, ինչը նախարարությանը մտահոգության տեղիք է տալիս: «Այս տարվա մայիսի դրությամբ համակարգի միայն պետական ընկերություններում առկա են 136,9 մլրդ դրամի վարկային պարտավորություններ, որից շուրջ 129 մլրդ դրամը երկարաժամկետ բյուջետային վարկեր են: Դեպիտորական պարտքերը կազմել են 35 մլրդ դրամ, իսկ տարվա կտրվածքով համակարգի ձեռնարկությունների վնասը` շուրջ 10,4 մլրդ դրամ: Ներկայում այդ խնդիրների լուծման համար մշակվում է «Ֆինանսական առողջացման ծրագիր», որը պատրաստ կլինի մեկ շաբաթից: Ծրագրում ներկայացված են տարբեր մոտեցումներ` ընդուպ մինչև շատ ցածր տոկոսադրույքով վարկերի ներգրավում, որովհետև այսօրվա ձևակերպված վարկերն առևտրային են, որոնց տոկոսադրույքները բարձր են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 94 մլրդ դրամ վարկային պարտավորություններ, որոնց սպասարկման ծախսերը լուրջ ազդեցությունն են ունենում արտադրող կայանների վրա` վճարումները ժամանակին կատարելու առումով: «Չնայած դրան համակարգում հարկային պարտավորություններ և չվճարված աշխատավարձեր չկան»,- ասաց Զախարյանը:

Էներգետիկայի նախարարի խոսքով, էլեկտրաէներգետիկ համակարգի ընկերությունների ծախսերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընկերություններն ունեն շուրջ 17,9 մլրդ դրամ լրացուցիչ ծախսեր, որոնք ներառված չէին գործող սակագներում: «Դրա հետևանքով անհրաժեշտություն առաջացավ վերանայել սակագինը, որի արդյունքում օգոստոսի 1-ից այն բարձրացավ 3,85 դրամ/կՎտժ-ով»,- ասաց նախարարը:

Օգոստոսի 1-ից Հայաստանում բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը, որից հետո 0.38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում` տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար կազմեց 41.85 դրամ, գիշերային սակագինը` (23.00-ից մինչեւ 7.00)` 31.85 դրամ: 6 (10) կՎ լարման սպառողների համար ցերեկային սակագինը կազմեց 38.85 դրամ, գիշերայինը` 28.85 դրամ: 35 կՎ եւ բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կազմեց 32.85 դրամ, գիշերայինը` 28.85 դրամ:

Հայերեն

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել