Շոու բիզնես

«Մանկական նոր ալիք»-ի հայաստանյան ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը պատասխանատվությամբ է վերաբերվում մրցույթին

3 րոպեի ընթերցում

«Մանկական նոր ալիք»-ի հայաստանյան ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը պատասխանատվությամբ է վերաբերվում մրցույթին

ՂՐԻՄ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանը Ղրիմում ամբողջ օրն անցկացնում է փորձասենյակում: Ղրիմից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը նշեց, որ փորձերը շատ հագեցած են, և իրենք հաճույքով են աշխատում մրցույթի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինի հետ:

«Շատ գոհ եմ փորձերից, որովհետև Դավիթը շատ կենտրոնացած է: Դավիթը Ռևզինի սիրելի մասնակիցների թվում է, և մրցույթի գլխավոր ռեժիսորը շատ գոհ է նրանից: Ռևզինի համոզմամբ՝ երկրներ կան, որ «կիսապատրաստ» են ներկայացել մրցույթին, և լավ պատրաստված փոքրաթիվ մասնակիցներից է Հայաստանի ներկայացուցիչը: Փորձերի ընթացքում Ռևզինն ասել է, որ Դավիթը շատ պատրաստված է, շատ ընդունակ և լուրջ է վերաբերվում մրցույթին, ինչը չի կարող ասել այլ երկրների համար: Այս առումով ամեն ինչ շատ լավ է»,- նշեց Գրիգոր Կյոկչյանը:

Դավթի երաժշտական պրոդյուսերն ընդգծեց, որ առաջիկայում, բացի փորձերից, սպասվում են նկարահանումներ, վիճակահանության արարողություն, այնուհետև փոքրիկ երգիչ-երգչուհիները կմասնակցեն մարզական մրցումների:

«Ինքս հորդորում եմ Դավթին 22: 00-ից ուշ չքնել և արթնանալ առավոտյան 9-ին: Վերջին մի քանի օրերին կթույլատրեմ, որ Դավիթը փոքր-ինչ զվարճանա, սակայն մինչ այդ պետք է շատ լուրջ վերաբերվի մրցույթին, քանի որ եկել ենք այստեղ, որպեսզի լավ արդյունք ունենանք»,-ընդգծեց Կյոկչյանը :

Գրիգոր Կյոկչյանը հավելեց նաև, որ արդեն հստակեցվել են այն երգերը, որ պետք է կատարի փոքրիկը հեղինակավոր մրցույթում: «Որոշված է, որ առաջին՝ «Երկրի հիթի օր»-վա ժամանակ Դավիթը հանդես կգա Արտյոմ Հակոբյանի «Լուսավորական» երգով, որը ներկայացրել էր հայաստանյան «Մանկական Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլում: Երկրորդ օրն, ամենայն հավանականությամբ, կհնչի Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգը: Այդ երգերն, ըստ մեր այսօրվա տվյալների, վերջնական են և կներկայացվեն մրցույթում»,-եզրափակեց երաժշտական պրոդյուսերը:

«Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը: «Մանկական նոր ալիք-2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերին, կանցկացվեն մրցանակաբաշխության, բացման ու փակման հանդիսավոր արարողություններ:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:

«Մանկական նոր ալիք»-ի ընթացքին հետևում է

Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում