Քաղաքականություն

Ադրբեջանական բանակի վերջին անհաջողությունները կարող են նպաստել ադրբեջանական ագրեսիայի նվազմանը. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանական բանակի վերջին անհաջողությունները կարող են նպաստել ադրբեջանական ագրեսիայի նվազմանը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսկման նախադրյալներ չի տեսնում: Օգոստոսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը կարծիք հայտնեց, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների և ուղիղ հարձակումների անհաջողությունը կարող է ավելի թուլացնել ադրբեջանական ագրեսիան: «Վերջին օրերին ադրբեջանական բանակի անհաջողությունը, մարդկային այդքան կորուստները կարող են ստիպել Ադրբեջանին թուլացնել ագրեսիան և ընդհանրապես դա ավելի է նվազեցնում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը ներկայացրեց սեփական հետազոտության արդյունքները, ըստ որոնց վերջին գործողությունների ընթացքում ադրբեջանցիները 35 զոհ են տվել: Ադրբեջանցիները 5 զոհ են տվել հուլիսի 31-ի դիվերսիոն գործողության ժամանակ, 14 զոհ օգոստոսի մեկի, ևս 10 զոհ՝ օգոստոսի 1-2 գիշերը: «Եթե հաշվենք նաև վերջին զոհերը, որ նրանք հայտարարել են որպես դժբախտ պատահար, ինչպես նաև վիրավոր զինծառայողի մահը և ինֆարկտից մահացած սպային, ով հավանաբար հեռուստացույցով տեսել է իր զինվորների անհաջողությունը և ինֆարկտ է ստացել, ապա ստացվում է, որ նրանք 35 զոհ են տվել»,- ասաց Մելիք-Շահնազարյանը՝ ընգծելով, որ 1994թ. կքաված հրադադարից ի վեր Ադրբեջանի բանակը մի քանի օրում այդպիսի քանակությամբ զոհեր երբեք չի ունեցել:

Լևոն Մելիք-Շահնազարյանը ընդգծեց, որ դեպքերի նման զարգացումն անսպասելի է եղել ադրբեջանցիների համար, ովքեր իրենց սեփական քարոզչության ազդեցության տակ էին և վստահ էին իրենց ուժերի վրա:

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց:Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում