Իրավունք

Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տրոիցկյան դատարանը 6 տարի 9 ամիս ազատազրկման է դատապարտել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի՝ ԿԱՄԱԶ-ի վարորդի մեղքը, ով Պոդոլսկի մերձակայաքում մեքենայով բախվել էր ուղերթային ավտոբուսի հետ, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Հարությունյանը դատապարտվել է ՌԴ քրեական օրենսգրքի 264 և 327 հոդվածներով:

Վճռի հրապարակումից հետո Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը: «Չգիտեմ` մենք կբողոքարկենք արդյոք վճռի խստությունը, որովհետև դա պետք է Հարությունյանը որոշի, սակայն փաստաթղթերի կեղծման մասով բողոքարկում լինելու է»,- ասել է նա:

Ինչպես հետեւում է դատավճռից, լիովին ապացուցված է Հարությունյանի մեղքը ճանապարհային երթեւեկության եւ փոխադրամիջոցների շահագորման կանոնների խախտման մեջ:

«Հարությունյանը վարել է չգրանցված փոխադրամիջոց՝ տրանզիտային համարանիշերով, չի պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները՝ ընտրելով ոչ անվտանգ արագություն, ուշադիր չի եղել երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ, ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող փոխադրամիջոցին»,- նշել է դատավորը:

Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո ուղևորվող 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսին: Պատահարի հետևանքով զոհվեց 18 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան 40-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում