Պաշտոնական

Հայաստանի վարչապետը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի N զորամաս

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի N զորամաս

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 4-ին անակնկալ այցելել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս՝ հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին և զինվորներին: Մինչ այդ Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են գտնվել օրերս Մարտակերտումսահմանային միջադեպի հետևանքով զոհված հերոս, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հոգեհանգստի արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության վարչապետին նախ զեկուցվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի և հայկական ուժերի պատասխան գործողությունների մասին: Այնուհետև, անդրադառնալով զինծառայողների և սահմանապահ գյուղերի բնակչության սոցիալական խնդիրներին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում դրանց լուծման ուղղությամբ և խոստացել հնարավորության դեպքում շարունակել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունում քննարկվում է սահմանապահ գյուղերում բիզնես սկսող անձանց հարկերից ազատելու հնարավորությունը՝ նոր աշխատատեղեր բացելու և համայնքների տնտեսական կյանքն ակտիվացնելու նպատակով: Գյուղապետերից մեկի բարձրացրած հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետը նշել է, որ գործադիրը քննարկում է նաև սահմանապահ գյուղերի բնակչության էլեկտրաէներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցման հնարավորությունը:

Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին, շնորհակալություն հայտնել փոխըմբռնման և հայրենիքի սահմանն անառիկ պահելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում