Շոու բիզնես

Ղրիմի հայկական համայնքը «Մանկական նոր ալիք-2014»-ի մասնակից Դավիթ Վարդանյանին հաջողություն է մաղթում

2 րոպեի ընթերցում

Ղրիմի հայկական համայնքը «Մանկական նոր ալիք-2014»-ի մասնակից Դավիթ Վարդանյանին հաջողություն է մաղթում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ղրիմի հայկական համայնքը հաջողություն է մաղթում «Մանկական նոր ալիք-2014» մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանին: «Արմենպրես»-իհետ զրույցում Ղրիմահայոց ընկերության նախագահի մշակութային հարցերի գծով տեղակալ, «Մասսյաց աղավնի» հանդեսի գլխավոր խմբագիր Վահան Վերմիշյանը նշեց, որ հայկական համայնքը դիտում է Ղրիմում անցկացվող մրցույթը:

«Բնականաբար, հաջողություն ենք մաղթում Հայաստանի ներկայացուցչին, ինչպես և մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր ներկայացնում են Հայաստանը տարբեր մրցույթներում, հատկապես՝ միջազգային»,-նշեց Վերմիշյանը:

Ղրիմահայոց ընկերության նախագահի մշակութային հարցերի գծով տեղակալը փաստեց, որ հնարավոր է, որ Դավիթ Վարդանյանը հանդիպի հայկական համայնքի հետ: «Նախնական պայմանավորվածություն դեռևս չկա , սակայն հնարավոր է հանդիպում կազմակերպվի»,-հավելեց նա:

«Մանկական նոր ալիք-2014» մրցույթի հայաստանցի մասնակից 12-ամյա Դավիթ Վարդանյանը պատրաստվում է մի քանի օր անց մեկնել Ղրիմ՝ մասնակցելու հեղինակավոր մրցույթին: Երաժշտական տոնը կանցկացվի Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը: «Մանկական նոր ալիք-2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերին, տեղի կունենան մրցանակաբաշխության ու փակման արարողություններ:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում