Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք»-ում 220 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը մրցութային երրորդ օրը՝ հուլիսի 26-ին, կատարելով Ազատ և Մանե Հակոբյանների «Կարոտ» երգն, ստացավ 77 միավոր. Ժյուրիի բոլոր անդամները հայ երգչուհու ելույթը 11 միավոր գնահատեցին: Ռուբենյանը մրցութային երրորդ օրը հանդես եկավ 13 համարի ներքո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երրորդ՝ «Պրեմիերայի օր»-վա առթիվ բոլոր մասնակիցները հանրությանը ներկայացրին յուրահատուկ երգերի պրեմիերաներ: Հայ հեռուստադիտողը հնարավորություն ստացավ համերգը դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ Վարդուհի Ալեքսանյանի և Ավետ Բարսեղյանի մեկնաբանությամբ:

«Ձինտարի» համերգասրահում անցկացված երեկոյի առաջին հատվածում ելույթներով հանդես եկան ռուսական շոու-բիզնեսի հայտնի աստղերը, ինչպես նաև երեկոյի հատուկ հյուր Լարա Ֆաբիանը: Առաջին հատվածը վարեցին Լոլիտան և Տիմուր Ռոդրիգեզը, իսկ երկրորդ՝ մրցութային մասը՝ Լերա Կուդրյավցեվան և Ալեքսանդր Ռևան:

«Նոր ալիք» մրցույթի ժյուրիի կազմում հանդես եկան այնպիսի անվանի արտիստներ, ինչպիսիք են Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաևը, Վալերի և Կոնստանտին Մելաձեները: Ժյուրին ղեկավարում էր մրցույթի համահիմնադիր Իգոր Կրուտոյը:

«Շանթ» հեռուստաընկերությունն իր ակնդիրներին հնարավորություն ընձեռեց նաև ելույթից հետո տեսնելՍոնային՝ Գարիկի, Անդրեի և պրոդյուսեր Աննա Թադևոսյանի ուղեկցությամբ:

«Մենք շատ ուրախ ենք և երջանիկ: Այսօր Սոնան իր կատարմամբ, ժյուրիի գնահատականներով, հանդիսատեսի ջերմ ծափահարություններով արդարացրեց ողջ հայ ազգի սպասելիքները և պարզ ճակատով ներկայացրեց Հայաստանը»,- նշեց Անդրեն:

«Նոր ալիք» մրցույթին այս տարի մասնակցում է 16 երգիչ և երգչուհի՝ 13 երկրից: Երրորդ մրցութային օրվա արդյուքներով՝ հաղթող է ճանաչվել Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն: Սոնա Ռուբենյանը 6-րդ տեղում է:

Մրցույթը Յուրմալայում այս տարի անցկացվում է հուլիսի 22-27-ը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի ցուցադրվում են օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն են ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին: Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակիցը պետք է ներկայանար երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել այդ տարվա նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում:

Հայերեն