Հայաստանն ու Վրաստանը կխորացնեն հարաբերությունները հանցավորության դեմ պայքարում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանության ղեկավարությունը պատրաստակամ է աջակցելու հարևան երկրի գործընկերներին և զարգացնելու հարաբերություններն` ի շահ հանցավորության դեմ միասնական պայքարի: Այս մասին Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեսպանը Հունանյանին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությանը կից Վրաստանի ներքին գործերի նախարարության նորանշանակ ոստիկանական կցորդ Կամո Գալուստյանին: Հանդիպմանը մասնակցել է ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Հունան Պողոսյանը նշել է, որ երկու երկրների ոստիկանական կառույցների հարաբերություններն ամուր հիմք ունեն, և դրանք առավել զարգացնելու համար պետք է ակտիվացնել Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի միջսահմանային ոստիկանական փոխգործակցությունը, մասնավորապես` համատեղ օպերատիվ-հետախուզական բնույթի աշխատանքներում:
Կողմերը հույս են հայտնել, որ հայ-վրացական ոստիկանական համագործակցությունն ավելի կխորանա և կզարգանա` խթանելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը: