Քաղաքականություն

Պահանջատիրության հարցի բարձրացումը համայն հայության պարտքը պետք է լինի. թուրքագետ

6 րոպեի ընթերցում

Պահանջատիրության հարցի բարձրացումը համայն հայության պարտքը պետք է լինի. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու պահանջատիրության հարցերի բարձրացումը համարում է համայն հայության խնդիրը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետը` հավելելով, որ այդ լուրջ աշխատանքը պետք է կատարվի համայն հայության ջանքերով` կոորդինացվելով Հայաստանի Հանրապետության կողմից: «Համայն հայության ջանքերը կպահանջվեն,քանի որ մենք գործ ունենք մի պետության հետ, որը չի ճանաչում, կեղծում է ցեղասպանությունը ու ոչ մի նշան էլ չկա, որ կճանաչի այն: Թուրքիան ուժեղ պետություն է, Մերձավոր Արևելքում իր դիրքերն ունի, մեզ համար դժվար կլինի, բայց պետք է անցնենք այդ ճանապարհը: Դա մեր պարտքն է միլիոնավոր զոհերի հիշատակի առջև»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը, ով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրենն է:

Թուրքագետի համոզմամբ` Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում, որն ավելի թեժանում է 100-րդ տարելիցին նախընթաց, պետք է հույսը միայն մեզ վրա դնենք: «Մենք` Հայաստանը, Սփյուռքը, պետք է համատեղ գործունեությամբ տարբեր բնագավառներում հնարավորինս շատ աշխատենք, որ աշխարհն ավելի մեծ ուշադրություն դարձնի այս խնդրին: Աշխատենք, որ ոչ միայն աշխարհը տեղյակ լինի, քանի որ շատերը նույնիսկ չգիտեն էլ Հայոց ցեղասպանության մասին, այլ կարողանանք ուժեղացնել մեր պահանջատիրությունը, որը ոչ միայն ընդհանուր խոսքերի վրա հիմված լինի, այլև` հիմնավորված»,-նշեց նա:

Չնայած Ռուբեն Սաֆրաստյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամ չէ, բայց տեսնում է, որ այդ ուղղությամբ քայլեր կատարվում են: «Մինչ այդ էլ ամբողջ հայությունը, իհարկե, տասնյակ տարիներ աշխատել է, հիմա էլ աշխատում է, տեսնենք ինչ արդյունքներ կլինեն»,-ասաց թուրքագետը` հավելելով, որ նորմալ է համարում պահանջատիրության տարբեր մոտեցումների առկայությունը, քանի որ ցեղասպանության հարցն առնչվում է յուրաքանչյուր հայի հոգու և սրտի հետ ու կարող է յուրովի ընկալվել: «Մարդիկ կան, որ դա ընդունում են զգացմունքային տեսանկյունից, մարդիկ կան սառն են դատում: Ընդհանուր առմամբ` հայության պահանջը, ես կարծում եմ, մեկը պետք է լինի` դատապարտում և պահանաջատիրություն: Շատ տարբեր ձևեր կարող են լինել. մարդիկ կլինեն, ովքեր պահանջատիրությունը կընկալեն Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ընդունում, դատապարտում և ներողություն խնդրել: Սա էլ է պահանջատիրության ձև` սա բարոյական, որոշ չափով էլ քաղաքական պահանջատիրություն է: Ես պահանջատիրությունն այլ կերպ եմ ընկալում: Առաջին քայլը պետք է լինի իմ կողմից արդեն նշված տարբերակը, որին պետք է հաջորդեն այլ քայլեր, քանի որ ցեղասպանությունը, լինելով ծանրագույն հանցագործություն մարդկության դեմ, միայն այն ժամանակ կդատապարտվի, երբ դրա հետևանքները վերացվեն»,-ասաց Սաֆրաստյանը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության հետևանքներից մեկը մեր հայրենազրկումն է:

«Հայոց ցեղասպանությունը, ի տարբերություն Հոլոքոստի, հայրենազրկող ցեղասպանություն է:

Այդպիսի ցեղասպություն չի նախատեսվում միջազգային փաստաթղթերում, ցեղասպանության մասին 1948 թվականին ընդունված կոնվենցիայում: Այստեղ, իհարկե, մեծ աշխատանք կա անելու, որ մենք դրանում մտցնենք հայրենազրկող ցեղասպանությունը որպես ցեղասպանության առանձին տեսակ»,-փաստեց թուրքագետը:

Ռուբեն Սարաստյանի խոսքով` հայրենիքի վերադարձման մի քանի բաղադրիչ կա. այն ենթադրում է հազարավոր մշակութային, հոգևոր արժեքների վերականգնումը, որ Արևմտյան Հայաստանի տարածքում յուրացվել ու ոչնչացվել է Թուրքիայի կողմից: «Դա նշանակում է ֆինանսական փոխհատուցում այն կորուստների դիմաց, որ 1.5 միլիոն հայեր կորցրել են` շարժական ու անշարժ գույք: Դա նշանակում է մեր տարածքային կորուստների վերադարձ, որը ևս պետք է դիտարկվի: Պետք չէ ասել, որ սա անհնարին է ու սահմանափակվել դրանով: Մենք պետք է բոլոր ձևերն ուսումնասիրենք ու պատրաստ լինենք քաղաքական իրադրության փոփոխմանը, որը ես չեմ բացառում` հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները».-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով` պետք է իրավական առումով գրագետ լինել, իմանալ միջազգային իրավունքը ինչ հնարավորություններ է տալիս: «Քաղաքագիտական առումով պետք է պատրաստվել` վերլուծելով միջազգային իրադրությունը, որ հասկանանք` երբ է բարենպաստ, որ մեր պահանջները ներկայացնենք: Պետք է ուսումնասիրենք Թուրքիան, տեսնենք ինչ հնարավորություններ կան, ինչ իշխանություններ են: Պետք է պատմագիտական առումով էլ պատրաստվել: Եթե մեզ հնարավորություն ընձեռվի ինչ-որ հայց ներկայացնել Թուրքիային, պահանջներ դնել, պետք է հասկանանք, թե ինչ ենք պահանջում, ինչ ենք կորցրել»,-եզրափակեց թուրքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում