Կարծիքներ

Նախագահ Սարգսյանի Լատինական Ամերիկա այցելությունը թուրքագետը գնահատում է ճիշտ դիվանագիտություն

3 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանի Լատինական Ամերիկա այցելությունը թուրքագետը գնահատում է ճիշտ դիվանագիտություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ այցելությունը թուրքագետ Արտակ Շաքարյանը դիտարկում է որպես ճիշտ դիվանագիտություն եւ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը բարեկամ պետությունների հետ հարաբերություններն ավելի լավացնելու ճիշտ քայլ: Թուքրագետի գնահատմամբ` Լատինական Ամերիկայի երկրների հետ նպատակային հարաբերություններ զարգացնելը շատ ճիշտ դիրքորոշում է: Այս համատեքստում, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թուրքագետ Արտակ Շաքարյանը հատկապես կարեւորում է Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի բացումը, որի հիմնարկեքին, ամենայն հավանականությամբ, մասնակցելու է նախագահ Սարգսյանը: «Հայոց ցեղասպանության թանգարանների բացումն աշխարհի բազմաթիվ երկրներում լավագույն քայլերից է, որ անում է Հայաստանը: Նպատակն այն է, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը չկենտրոնանա միայն Երեւանում, ստեղծվի թանգարանների ցանց եւ աշխարհին պատմի 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին»,- ասաց Շաքարյանը:

Թուրքագետը հույս հատնեց, որ հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանը Արգենտինայի, Ուրուգվայի եւ Չիլիի ղեկավարներին կհրավիրի հաջորդ տարի ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը: «Լատինական Ամերիկայի երկրների ներկայությունը հավելյալ ուժ կհաղորդի միջոցառումներին եւ մասսայականություն ու արտասահմանյան լրատվամիջոցներով հիշատակի միջոցառման մասին ավելի շատ հոդված կլինի»,- ասաց Շաքարյանը` հավելելով, որ այս առումով պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ նույն օրը` 2015թ. ապրիլի 24-ին, Ստամբուլում կկայանա Գալիպիոլիի ճակատամարտին նվիրված միջոցառում, որին հրավիրված են համաշխարհային պետական դեմքեր:

Ըստ Շաքարյանի, Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումը փորձ է ստվերելու Երեւանում կայանալիք միջոցառումները:

Նախագահ Սերժ Սարգսյանը տարածաշրջանային այցով մեկնել է Հարավային Ամերիկա. հանրապետության Նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Արգենտինայի Հանրապետություն, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում: Նախագահը հանդիպումներ կունենա հիշյալ երկրների բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև բազմակողմ փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այցի արդյունքներով նախատեսված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում այդ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություններ:

Այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Արգենտինայի, Ուրուգվայի և Չիլիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, կծանոթանա այդ երկրներում հայկական կառույցների ծավալած գործունեությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում