Մշակույթ

Հայկական կինոյի ու թատրոնի ուրախ, տխուր մարդը. Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

2 րոպեի ընթերցում

Հայկական կինոյի ու թատրոնի ուրախ, տխուր մարդը. Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նշանավոր հայ դերասան,կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է այսօր` հուլիսի 4-ին: Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930թ., մեծացել Գյումրիում: Սերն արվեստի ու հատկապես թատրոնի նկատմամբ արտահայտվել է դեռ մանկուց, երբ հաճախում էր նկարչության, երաժշտության և թատրոնի խմբակներ:

Մհեր Մկրտչյանը հայ կինոյի այն ինքնատիպ դերակատարներից էր, որ հրաշալիորեն համադրում էր դրամատիզմն ու կատակերգությունը, ով միաժամանակ և ուրախ էր, և տխուր: Այդ ամենի հիանալի դրսևորումներն են «Մեր մանկության տանգոն» ֆիլմում Ռուբենի դերակատարումը, «Հին օրերի երգը»-ում Նիկոլի, «Նվագախմբի տղաները» ֆիլմում Արսենի, «Եռանկյունի»-ում Գասպարի դերակատարումն ու այլ շատ դերեր, որոնց բոլորին էլ հայ ժողովուրդը վերաբերվում է առանձնահատուկ ջերմությամբ: Նա նկարահանվեց«Կովկասի գերուհին», «Միմինո»,«Ալի բաբան և քառասուն ավազակները» ֆիլմերում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։

«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ` ինչո՞ւ, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ախր, առանց հեծանիվ ի՞նչ մանկություն,- մի առիթով հիշել է Մհեր Մկրտչյանը:- Ես չհասցրեցի մանկություն ունենալ, չհասցրեցի խաղալիք, երեխա, մանկություն եւ այլն: Սկսեցի լուրջ բաներ լսել: Ապշելու բան էր...Ճանաչման հասա կինոյով, բայց կինոյի 10 դերը չեմ փոխի թատրոնի հետ. թատրոնն աղոթքի տեղ է, թեւ ու թռիչք է, Աստծու, տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում»:

Մեծ դերասանը մահացել է1993 թվականի դեկտեմբերի 29-ին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության ուղու վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում