ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Վալերի Օսիպյանի նկատմամբ լրատվամիջոցի հրապարակման հիման վրա
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը լրատվամիջոցների հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը: «Քրեական գործը Երևանի փոխոստիկանապետի նկատմամբ հարուցվել է վերջերս: Այս պահին նախաքննություն է ընթանում»,- ասաց Ահարոնյանը:
Նա տեղեկացրեց, որ Օսիպյանի նկատմամբ քերական գործը հարուցվել է լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումների հիման վրա, ըստ որոնց `վերջինիս եղբորորդու մասնակցությամբ դանակահարության դեպքից հետո Երևանի փոխոստիկանապետը Նուբարաշենի բնակիչ Սուսաննա Հովհաննիսյանին առաջարկել էր, որ դանակահարության պատասխանատվությունը ստանձնի նրա որդին՝ Սարգիս Հովհաննիսյանը, որը ևս մասնակցել է վիճաբանությանը:
Հունիսի 1-ին` ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի 11-րդ փողոցի 12-րդ շենքի մոտ երիտասարդի են դանկահարել:Նույն օրը, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջին պատի բաց թափանցող վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել 1992 թ. ծնված Վանուշ Ա.-ին: Ըստ վերջինիս հոր հայտարարության` իրենց փողոցում տեղի է ունեցել դանակահարություն:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 22.30-ին, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով Վանուշ Ա.-ին վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Սեդրակ Օսիպյանը: