Մշակույթ

ԱՄՆ չեմ գնացել աստղ դառնալու համար, այլ գնացել եմ սովորելու նպատակով. Տաթևիկ Հովհաննիսյան

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ չեմ գնացել աստղ դառնալու համար, այլ գնացել եմ սովորելու նպատակով. Տաթևիկ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը մի քանի համերգ ներառող հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում և Արցախում: Անվանի երգչուհին իր հյուրախաղերի շրջանակում առաջին անգամ հանդես կգա Ստեփանակերտում: Տաթևիկ Հովհաննիսյանի հայաստանյան առաջին հյուրախաղերի կազամակերպիչն «ԱԶԴ փրոդաքշն»-ն է:

«ԱԶԴ փրոդաքշն»-ի նախաձեռնությամբ հայաստանյան հանդիսատեսին երգչուհին կներկայանա ոչ թե մեկ համերգով, այլ չորս համերգ ներառող շրջագայությամբ: Երգչուհու առաջին համերգը կկայանա հունիսի 28-ին Երևանի «Յանս» երաժշտական ակումբում, երկրորդը` հունիսի 30-ին Գյումրիի Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնում: Այնուհետև անվանի երգչուհին հուլիսի 2-ին ելույթ կունենա Ստեփանակերտում: Շարքը կեզրափակվի հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հիմնական համերգով:

Հունիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում երգչուհին նշեց, որ հայաստանյան հյուրախաղերի ընթացքում հայ ունկնդրին կներկայացնի հայկական ժողովրդական երաժշտություն՝ ջազային մշակումներով, ինչպես նաև ամերիկյան,պորտուգալական, բրազիլական ստեղծագործություններ, որոնց թվում կան նաև բոլորովին նոր երգեր:

«Արցախում ելույթ ունենալը «ԱԶԴ փրոդաքշն»-ի նախաձեռնությունն է: Սկզբից մտածում էի, որ 6 ժամ ճանապարհ պետք է գնամ, դժվար կլինի, բայց այժմ ոգևորված եմ: Երբ այսօր առավոյան արթնացա, Երևանը քնած էր: Ամենուր հանդարտություն էր: Նյու Յորք քաղաքը 24 ժամ աշխատում է, իսկ այստեղ դրսում միայն մի կին էր ավլում: Երևանը կապված է իմ կյանքի պատմության հետ: Կամաց-կամաց այն վերանում է, որոշ տեղեր ճանաչում եմ, որոշ տեղեր մնալու դեպքում կկորչեմ: Քաղաքում փոփոխություններ կան, որ գովելի են, կան որ` ոչ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Տաթևիկ Հովհաննիսյանը:

Նա կցանկանար, որ հայերը պահպանեն մեր ավանդույթները: «Բացարձակապես կարևոր չէ, որ լինենք եվրոպական քաղաք: Մենք պետք է չմոռանանք, որ յուրահատուկ մշակույթ և լեզու ունենք, պետք չէ շատ եվրոպականանալ»,-հավելեց Տաթևիկ Հովհաննիսյանը:

«Խորհրդային ջազի թագուհին» ընդգծեց, թե ԱՄՆ չի գնացել, որ աստղ դառնա, այլ գնացել է, որ սովորի: «Ամեն մեկից մի բան սովորում ես, ինձ համար աճը կարևոր է: Ես այստեղից լեգենդար եմ գնացել, մեծամտություն չհնչի, խորհրդային ջազի առաջին տիկինն էի: ԱՄՆ-ում ամեն ինչ զրոյից եմ սկսել, նորից սկսել եմ շարել քարերը: Երկիրը լքելիս բոլորն են շոկ ունենում: Բոլորս ունենք արմատներ, իսկ «քոքահան» լինելը հեշտ չէ, հեշտ չի տեղադրել մեկ այլ հողի մեջ, թե չէ կչորանա և կգնա»,-նշեց Տաթևիկ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, ԱՄՆ-ում բոլորն աշխատում են քրտնաջան, և աշխատանքն այնտեղ հիվանդության աստիճանի է հասնում: «Ինձ տվեք բեմ, երաժշտություն և դրանով ես կլիցքավորեմ բոլորին»,-ժպիտով նշեց երգչուհին:

Տաթևիկ Հովհաննիսյանի համերգների կազմակերպմանն աջակցել են ՀՀ և Արցախի մշակույթի նախարարությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում