1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի լավագույն երկրների ինդեքսում («Good Country Index») Հայաստանը զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը` առաջ անցնելով Վրաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից, որոնք վարկանիշային աղյուղակում զբաղեցրել են համապատասխանաբար 77-րդ, 122-րդ և 95-րդ հորիզոնականները: Հայաստանը համեմատաբար բարձր ցուցանիշներ է գրանցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը և տեխնոլոգիան, անվտանգությունը և հավասարությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, goodcountry.org կայքում հրապարակված ինդեքսում առաջին տեղն է զբաղեցրել Իռլանդիան, իսկ լավագույն հնգյակում են հայտնվե նաև Ֆինլանդիան, Շվեյցարիան, Հոլանդիան և Նոր Զելանդիան: Նախկին ԱՊՀ երկրներից Մոլդովան զբաղեցրել է 60-րդ, Լիտվան` 69-րդ, Ղազախստանը` 80-րդ, Բելառուսը` 82-րդ, Լատվիան` 83-րդ, Ուկրաինան` 99-րդ հորիզոնականները:
Վարկանիշային աղյուսակում ընդգրկված են մարդկության զարգացման գործում առավել մեծ ներդրում ունեցած 125 երկրները: Վարկանիշը կազմելու համար դիտարկվել են ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող ցուցանիշներ, որոնց հիման վրա որոշվել է մարդկության զարգացման գործում երկրների «ներդրման» աստիճանը: