Պաշտոնական

Նախագահը ներկա է գտնվել Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացմանը

2 րոպեի ընթերցում

Նախագահը ներկա է գտնվել Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Միջոցառումը համընկնում է ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի օրվան: Հանրապետության Նախագահը շրջել է երկհարկանի հիմնանորոգված շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված աշխատանքային պայմաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Նախագահին շրջայցի ժամանակ ներկայացրել են, որ վարչական շենքն ունի ժամանակակից, կահավորված աշխատասենյակներ, դահլիճ, ուսումնական և ցուցադրական սրահներ, որոնք հագեցած են նոր սերնդի տեխնիկայով, ծառայության պայմանները դյուրին դարձնելու և աշխատանքը ժամանակի պահանջներին համահունչ կազմակերպելու անհրաժեշտ միջոցներով:

Հանրապետության Նախագահն այցելել է նաև վարչական նոր շենքում բացված ոստիկանության զորքերի անցած ճանապարհն ընդհանրացնող թանգարան, որն առաջիկայում կհարստացվի մարտական ուղի անցած և զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող վկայություններով ու պատմական նմուշներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել և արդյունավետ ծառայություն է մաղթել ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում