Տնտեսություն

Մաքսային միությանն անդամակցելուց հետո ավտոմեքնաների ներմուծման դրույքաչափը չի բարձրանա 5-10 տարի. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

Մաքսային միությանն անդամակցելուց հետո ավտոմեքնաների ներմուծման դրույքաչափը չի բարձրանա 5-10 տարի. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացնելիս Հայաստանը խորը տնտեսական վերլուծություններ է կատարել. անդամակցությունից Հայաստանը միայն օգուտ է քաղելու: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ փաստել է, որ այսօր էլ` բանակցությունների փուլում, Հայաստանն արդեն օգտվում է մի շարք արդյունքներից:

«Այսօր 1000 խմ գազը գնում ենք 189 դոլարով, եթե վառելիքաքսուքային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, իսկ բնական ալմաստների ներմուծման համար ունենք 7 տոկոսանոց զեղչ: Սա այսպես ասած Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ, անշուշտ, Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված ինքն էլ ունի որոշակի անհանգստություններ:

«Չի կարող անհանգստություն չլինել: Մտնում ենք նոր տնտեսական համակարգ եւ այստեղ կան մարտահրավերներ: Բայց այդ մարտահրավերները լուծելի են, եւ մեր անդամակցությունը կբերի Հայաստանի տնտեսական զարգացմանը: Այո, դրույքաչափերի առումով որոշակի տարբերություններ կան: Նախ, այդ տարբերությունները հսկայական չեն եւ երկրորդ, զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք մուտքի շղթաներ, եթե այսպես կարելի է ասել, այսինքն` հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Օրինակ, ավտոմեքենաների ներմուծման մասով ակնհայտ է, որ Մաքսային միության անդամ երկրները մեծ դրույքաչափեր են կիրառում ներմուծման ժամանակ , իսկ մենք ավելի քիչ, բայց այդ դրույքաչափերի կիրառումը Հայաստանի համար հետաձգվելու է 5-10 տարի, քանի որ այդ ապրանքատեսակը Հայաստանի համար զգայուն է»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ ավտոմեքնաների հետ կապված հարցը այն տեխնիկական խնդիրներից մեկն է, որոնց մասին նա խոսել է Աստանայում: Ըստ նախագահի, այդ ժամանակը բավարար է ադապտացվելու համար: Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ նույն պրակտիկան է կիրառվելու նաեւ մնացած զգայուն ապրանքատեսակների պարագայում, որոնց ցանկը բավական մեծ է:

Նախագահի ներկայացմամբ, անդամակցության հետ կապված հարցերում հսկայական թիմ է աշխատել, եւ նա վստահ է, որ առաջին արդյունքները կլինեն հաջորդ տարի: «Այն ժամանակ ի ցույց ենք դնելու բոլոր առավելությունները: Նորից եմ կրկնում, մենք բանակցային փուլում էինք եւ բանակցային փուլում գովերգել եւ ի ցույց դնել առավելությունները նշանակում է ունենալ ոչ ամուր դիրքեր բանակցային սեղանի շուրջ»,- եզրափակեց նախագահ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում