Հասարակական

Թուրքիան որոշել է կինոնկարների «ճակատամարտ» սկսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան որոշել է կինոնկարների «ճակատամարտ» սկսել  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացրել է հատուկ քննարկում, որին ներկայացվել է Հայաստանի կողմից իրականացվելիք` Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների ցանկը, ինչպես նաև թուրքական հակաքայլերի ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով arminfocenter.org կայքը, այս մասին հայտնում է թուրքական Haberturk կայքը: Աղբյուրի փոխանցմամբ, հանձնաժողովին տեղեկացրել են, որ հայերը պատրաստվում են նկարահանել մեծ բյուջեով ֆիլմ Հայոց Ցեղասպանության մասին, որի առթիվ առաջարկվել է տալ «համարժեք թուրքական պատասխան»: Թուրքական ֆիլմի նկարահանումները կսկսվեն մի քանի ամիս հետո` Իգդիրում: Ֆիլմը կկրի «Իմ սրտի ճաքը» անվանումը:

Ermenihaber-ը տեղեկացրել է հայկական ֆիլմի նկարահանումների մասին` նշելով, որ դրանք նախաձեռնել է «Արմենիա փրոդաքշն» ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը: Ֆիլմում կներգրավվեն այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Էդնան Բրոուդին, Դասթին Հոֆֆմանը:

Ֆիլմի համար երաժշտություն կգրի աշխարհահռչակ System of a Down խմբի վոկալիստ, ռոք-երգիչ Սերժ Թանկյանը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում