ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու օր շարունակ Մոսկվան կվերածվի ռոք երաժշտության քաղաքի, որտեղ հանդես կգան ռոք երաժշտության ամենանշանավոր երկու խմբերը` Black Sabbath-ն ու Linkin Park-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հունիսի 1-ին ռուս երկրպագուների համար ելույթ կունենա բրիտանական Black Sabbath-ը, իսկ հաջորդ օրը` Linkin Park-ը:
Black Sabbath-ը Մոսկվա է այցելում համաշխարհային հյուրախաղերիի շրջանակներում` ի աջակցություն 2013թ. թողարկած «13» ալբոմի, որը կարճ ժամանակահատվածում գրանցեց ռեկորդներ ինչպես վաճառքի, այնպես էլ տարբեր հիթ շքերթներում առաջատարությամբ:
Linkin Park-ն էլ հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ կթողարկվի իրենց նոր ալբոմը, որտեղ երկրպագուները կգտնեն ինչպես ռոքի դասական ստեղծագործություններ, այնպես էլ նորամուծություններ: Կազմակերպիչների խոսքերով երկու համերգների տոմսերն էլ վաճառվել են ռեկորդային արագությամբ, իսկ սեւ շուկայում տոմսերի գինը բարձրացել է 10 անգամ: