«Ռեալ»-ը ջախջախեց «Ատլետիկո»-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիսաբոնի «Բենֆիկա» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի եզրափակիչը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Մադրիդի «Ռեալ»-ը: «Ռեալ»-«Ատլետիկո» 4-1:
Հանդիպումը հավասար և երկկողմանի գրոհներով լեցուն էր հենց մեկնարկում, սակայն «Ատլետիկո»-ն հանդիպման մեկնարկային րոպեներին դժվարին խնդրի առաջ կանգնեց` թիմի առաջատար հարձակվող Դիեգո Կոստան ավելի վաղ ստացած վնասվածքի պատճառով փոխարինվեց: Հանդիպումը քիչ-քիչ նմանվում էր իսկական եզրափակչի` կրքերը գնալով բորբոքվում էին, իսկ նյարդերը տեղի էին տալիս: Նման մի պահ դեղին քարտի արժանացան «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը, իսկ «Ատլետիկո»-ից Ռաուլ Գարսիան:
Սակայն եղավ անհավանականը, Իկեռ Կասիլիասը սխալվեց: Տուգանային հրապարակում ստանալով գնդակը` Դիեգո Գոդինն օգտվեց Կասիլիասի սխալից և գլխով գնդակն ուղարկեց դարպասը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց` հօգուտ «աթլետների»:
Երկրորդ խաղակեսում Անչելոտին ռիսկի դիմեց` խաղադաշտ մտցնելով ևս մեկ հարձակվողի: Եվ դրանից հետո «Ռեալ»-ը քիչ-քիչ մեծացնում էր ճնշումը «Ատլետիկո»-ի դարպասին, սակայն Սիմիոնեի սաները շարունակում էին անխոցելի մնալ: Հանդիպման վերջին րոպեներին «Ռեալ»-ն ամբողջ թիմով նետվել էր «Ատլետիկո»-ի կիսադաշտը, բայց ապարդյուն: Սակայն եղավ հրաշք, և դրա հեղինակը Սերխիո Ռամոսն էր: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի գեղեցիկ հարվածով հաշիվը հավասարեցրեց Ռամոսը: Դրանից հետո հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ստացան հոգեբանակն առավելություն և օգտվում էին դրանից:
Լրացուցիչ ժամանակում «Ռեալ»-ն ակնհայտ առավելություն ուներ: Սակայն իր բարձունքի վրա էր «Ատլետիկո»-ի դարպասապահ Կուրտուան: Եվ եղավ այն, ինչ պիտի լիներ: «Ռեալ»-ի` 100 միլիոն արժեցած տղան գլխի հարվածով հանդիպման 110-րդ րոպեին առաջ մղեց «Ռեալ»-ին: «Սերուցքայինները» խփեցին նաև 3-րդ գնդակը և գոլի հեղինակ դարձավ Մարսելոն: Ապա Գոդինի սխալից հետո նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ռոնալդուն:
Մադրիդի «Ռեալ»-ը իր պատմության մեջ 10-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Վերջին անգամ «մադրիդցիներ»-ն այս տիտղոսը նվաճել էին 2001/02 մրցաշրջանում:
Թիմերի մեկնարկային կազմերը` «Ռեալ»-Կասիլյաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Կոենտրաու (Մարսելո), Դի Մարիա, Խեդիրա (Իսկո), Մոդրիչ, Բեյլ, Բենզեմա (Մորատա), Ռոնալդու:
«Ատլետիկո»-Կուրտուա, Խուանֆրան, Գոդին, Միրանդա, Ֆելիպե Լուիս (Ալդերվայդեր), Ռաուլ Գարսիա (Սոսա), Տիագո, Գաբի, Կոկե, Վիլյա, Կոստա (Լոպես):
Դեղին քարտ` Ռաուլ Գարսիա («Ատլետիկո»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խեդիրա («Ռեալ»), Միրանդա («Ատլետիկո»), Դավիթ Վիլիա («Ատլետիկո»), Խուանֆրան («ատլետիկո»), Կոկե («Ատլետիկո»), Գաբի («Ատլետիկո»), Մարսելո («Ռեալ»), Ռոնալդու («Ռեալ»), Գոդին («Ատլետիկո»), Վարան («Ռեալ»):