Քաղաքականություն

Մերժելով Եվրադատարանի վճիռը՝ Թուրքիան դառնում է խայտառակված պետություն. Հարութ Սասունյան

7 րոպեի ընթերցում

Մերժելով Եվրադատարանի վճիռը՝ Թուրքիան դառնում է խայտառակված պետություն. Հարութ Սասունյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անհետ կորած կիպրոսցի հույների հարազատներին փոխհատուցելու վերաբերյալ դիտարկում է որպես նախադեպ` հետագայում նաև հայկական փոխհատուցման համար: «Արմենպրես»-ը ներկայացնում է Սասունյանի նոր հոդվածն ամբողջությամբ: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մայիսի 12-ին արձակել է իր ամենամեծ դատավճիռը, որ երբևէ կայացրել է որևէ երկրի դեմ` պարտավորեցնելով Թուրքիային՝ վճարել 123 միլիոն դոլար վնասի փոխհատուցում անհետ կորած կիպրացի հույների հարազատներին և Հյուսիսային Կիպրոսի հունական անկլավի բնակիչներին: «Կիպրոսն՝ ընդդեմ Թուրքիայի» գործով դատարան էին դիմել 1999 թվականին` Հյուսիսիային Կիպրոսի գրավումից 25 տարի անց: Դեռևս 2001 թվականին, այն բանից հետո, երբ դատարանը վճռել էր, որ Թուրքիայի կառավարությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների բազմաթիվ հոդվածներ, ՄԻԵԴ-ը հետաձգել էր Թուրքիայի կողմից վճարվելիք տուգանքի չափի սահմանումը:

Այդ որոշումը կայացվեց այս ամսվա սկզբին, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորները հրապարակեցին իրենց վերջնական դատավճիռը: 16 կողմ և 1 դեմ քվեարկությամբ (հայ և կիպրացի դատավորները քվեարկել էին մեծամասնության հետ, իսկ թուրք դատավորը միակ ընդդիմադիրն էր) Եվրադատարանը վճռեց, որ դատարանի 2001 թվականի որոշումն անվավեր չի կարող ճանաչվել այն պատճառով, որ անցել է 13 տարի, ինչպես պնդում էր Թուրքիան: 15 կողմ և 2 դեմ քվեարկությամբ ՄԻԵԴ-ն ընդունեց, որ Թուրքիայի կառավարությունը պարտավոր է վճարել 41 միլիոն դոլար, ավելացրած ցանկացած հարկեր և տոկոսներ (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) 1456 կիպրացի հույների համար, որոնք անհետ կորել են 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժման պատճառով: Մեկ այլ՝ 15 կողմ և 2 դեմ ձայներով ՄԻԵԴ-ը վճռեց, որ Թուրքիան պետք է վճարի լրացուցիչ 82 միլիոն դոլար, ավելացրած ցանկացած հարկեր և տոկոսներ (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) այն վնասների համար, որ կրել են Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի Կարպաս անկլավային թերակղզում բնակվող կիպրացի հույները:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դատարանի վճռից անմիջապես առաջ զուր ջանքեր գործադրեց՝ կանխելու ՄԻԵԴ-ի ակնկալվող բացասական որոշումը, նախազգուշացնելով, որ Թուրքիայի դեմ կայացվող վճիռը կխոչընդոտի Կիպրոսի հակամարտության կարգավորմանը ուղղված ընթացիկ բանակցություններին: Դատարանն արդարացիորեն անտեսեց Դավութօղլուի սպառնալիքը և արձակեց իր որդեգրած սկզբունքային վճիռը հօգուտ Կիպրոսի:

Անկարող լինելով վախեցնել դատավորներին՝ Դավութօղլուն արհամարհանքով հայտարարեց, որ Թուրքիան մերժում է մարդու իրավունքների Եվրոպայի բարձրագույն դատարանի դատավճիռը և իր երկիրը հրաժարվելու է վճարել 123 միլիոն դոլար գումարը՝ որպես վնասի փոխհատուցում:

Հարկ է հիշեցնել Դավութօղլուին, որ ՄԻԵԴ-ի «Մեծ պալատի դատավճիռները վերջնական են». դրանք վերանայման ենթակա չեն, և ըստ դատական գործերի նյութերի՝ «բոլոր վերջնական դատավճիռները փոխանցվում են Եվրոպայի խորհրդի Նախարարաների կոմիտեին դրանց գործադրման վերահսկողության համար»:

Թուրքիայի արտգործնախարարի անբարտավան հայտարարությունը, անկասկած, մոտ ապագայում իր ժխտական ազդեցությունը կունենա նրա կառավարության վրա: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները, առանց բացառության, պարտավոր են կատարել Եվրադատարանի որոշումները: Դատարանի վճիռները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան հարյուրավոր դատական գործեր է տանուլ տվել Եվրադատարանում, և ուզած թե չուզած՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ վճարել որպես տուգանք: Թուրքիան այլընտրանք չունի, եթե ցանկանում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ: Եղել են մի քանի ՄԻԵԴ որոշումներ, երբ թուրքական իշխանությունները սկզբում հոխորտացել են, որ չեն վճարելու սահմանված տուգանքները, սակայն, ի վերջո, ամբողջությամբ վճարել են պահանջված փոխհատուցումը տոկոսներով հանդերձ:

Եթե Թուրքիայի կառավարությունը համառորեն կառչած մնա Դավութօղլուի պարծենկոտ մերժմանը, ապա Թուրքիան կզրկվի ո´չ միայն Եվրոպայի խորհրդի անդամակցությունից, այլև՝ կկորցնի Եվրամիությանը միանալու իր չնչին հնարավորությունը...

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները իրավունք չունեն որոշել` արդյո՞ք ցանկանում են կատարել ՄԻԵԴ-ի վճիռները: Հակառակ դեպքում ինչո՞ւ 47 եվրոպական երկրներ միասնաբար տարեկան մոտ 100 միլիոն դոլար կծախսեն դատարան պահելու համար, եթե նրա վճիռներն անիմաստ են կամ ենթակա են կամավոր կատարման:

Վերջերս Թուրքիայի ղեկավարները արհամարհել են գրեթե բոլոր ներքին և միջազգային օրենքները` բանտարկելով ռեկորդային թվով լրագրողների, կրակելով Գեզի այգու խաղաղ ցուցարարների վրա, ծեծելով հանքերի պայթյունից տուժածների ընտանիքի անդամներին, հակասեմական հայտարարություններ անելով, սպառնալով վտարել ԱՄՆ դեսպանին և մատ թափ տալով նախագահ Օբամայի վրա Սպիտակ տանը...

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն չպետք է հանդուրժի խայտառակված անդամ պետությանը, որը մարդու իրավունքների հիմնական խախտողներից է: Խորհուրդը պետք է Թուրքիային ազդարարի, որ եթե նա անհապաղ միջոցներ չձեռնարկի՝ 123 միլիոն դոլար տուգանքը վճարելու համար, ապա կհեռացվի Եվրոպայի խորհրդից և կառգրավվեն նրա կալվածքները երրորդ երկրներում` ստիպելով նրան՝ ի կատար ածել դատարանի վճիռը:

Եվրոպան պետք է խիստ դիրքորոշում ցուցաբերի այս դատավճռի հարցում, քանի որ նման դատավճիռներ դեռ շատ կլինեն Թուրքիայի դեմ Կիպրոսի վերաբերյալ և հնարավոր է՝ մի օր նաև հայկական փոխհատուցման և հողային պահանջներով...»:

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում