Մշակույթ

Կամերային երգչախումբը և նվագախումբը կշնորհավորեն Տիգրան Մանսուրյանի հոբելյանը

3 րոպեի ընթերցում

Կամերային երգչախումբը և նվագախումբը կշնորհավորեն Տիգրան Մանսուրյանի հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և կամերային երգչախումբը կշնորհավորեն անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյա հոբելյանը: Երկու ստեղծագործական կոլեկտիվները մայիսի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտությանտանն անցկացվելիք երեկոյի ընթացքում հանրության դատին կներկայացնեն Մանսուրյանի գործերը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ընդգծեց, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը պարբերաբար կատարում է Տիգրան Մանսուրյանի գործերը: «Երկու ստեղծագործական կոլեկտիվները տոնական համերգով կնշեն Տիգրան Մանսուրյանի հոբելյանը: Մենք հաճախ ենք անդրադառնում Մանսուրյանին: Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի նվագախմբային և վոկալ-սիմֆոնիկ գործերը: Ցանկանում ենք ունկնդրին ցույց տալ Մանսուրյանի դիմանկարը: Մանսուրյանի` հանճարեղ լինելու մասին խոսելն ավելորդ է. նա իսկապես հանճար է: Մենք հաճույքով ենք մշտապես կատարում նրա գործերը և կշարունակենք այդպես անել»,- նշեց Ռոբերտ Մլքեյանը:

Նա ընդգծեց, որ համերգին, որպես մենակատարներ, հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, սոպրանո Իրինա Զաքյանը և դաշնակահար Արթուր Ավանեսովը: Երկու կոլեկտիվներին երեկոյի ընթացքում կղեկավարի հենց Մլքեյանը:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել Մանսուրյանների ընտանիքը: Մանսուրյանի ստեղծագործությունները՝ կամերային և գործիքային, բազմիցս կատարվել են նախկին Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ:

Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում