Սերնդափոխության դանդաղումը վտանգում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ապագան. Աշոտ Չիլինգարյան
10 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը 2011թ. սեպտեմբերին որոշում էր ընդունել Երևանի ֆիզիկայի ինստիտուտը պետական ոչ առևտրային կազամկերպությունից հիմնադրամի վերակազմավորելու վերաբերյալ։ Դրա իրականացման գործընթացն արժանացավ նաև ինստիտուտի աշխատողների իրարամերժ արձագանքներին։ Գործընթացի ավարտի, և գիտօջախում ամենակարևոր՝ սերնդափոխության հարցի մասին «Արմենպրես»-ը զրուցեց տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Չիլինգարյանի հետ։
- Պարոն Չիլինգարյան, արդյոք հանդարտվե՞լ են վերակազմավորման կապակցությամբ առաջացած կրքերը։
- «Ա.Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, ԱԱԳԼ-ԵրՖԻ) հիմնադրամում իրավիճակը վաղուց է հանդարտվել։ Եվ երկու տարի առաջ հիմնադրամի ստեղծման դեմ հրապարակային ելույթ ունեցողները մնացել և աշխատում են ինստիտուտում։ Այն ժամանակ հիմնական մտահոգությունն այն էր, որ պետությունը կնվազեցնի արդեն հիմնադրամ դարձած ինստիտուտի ֆինանսավորումը։ Իսկ մյուս մտահոգությունը վերաբերում էր հիմնարար հետազոտությունների ծավալի կրճատմանը։ Սակայն երկու դեպքում էլ վատատեսական կանխատեսումները չիրականացան։
- Վերջին երկու-երեք տարում պետական ֆինանսավորման ծավալներն ավելացե՞լ են։
- Ֆինանսավորումն առանձնապես չի մեծացել, որոհետև, ըստ վերջին մի քանի տարի գործող պետական ծրագրերի, Հայաստանի ամբողջ գիտական ոլորտի պետֆինանսավումն ամեն տարի նախորդի համեմատ պետք է ավելանար 10 տոկոսով, սակայն ԱԱԳԼ-ի պարագայում այն, մասնավորապես, 2014 թ-ին աճել է 2.2 տոկոսով։ Սակայն, մյուս կողմից, պետությունը որոշ չափով սուբսիդավորել է էլեկտրաէներգիայի՝ 2013թ. հուլիսին արձանագրված թանկացումից հետո ձևավորված գների տարբերությունը։
Բացի այդ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ ստեղծվել է մի հանձնաժաողով, որի աշխատանքի արդյունքում առաջարկներ կձևավորվեն ըստ ստացված արդյունքների գիտական աշխատանքի ֆինանսավորում ներդնելու համար։ Գիտաշխատանքի արդյունքի գնահատման մեթոդիկայի մշակումը բավական դժվար գործ է, և, բնականաբար, ցանկացած մեթոդ հենց գիտնականների կողմից կարող է սուբյեկտիվ ընկալման արժանանալ։
Բայց արտերկրում արդեն իսկ մշակվել են որոշակի ոչ միայն որակական, այլև քանակական չափանիշներ, որոնցով կարող է որոշվել և՛ գիտական հաստատության, և՛ գիտաշխատողի գործունեության արդյունավետությունը։ Հիմնական չափանիշներն են, իհարկե, հեղինակավոր գիտական հանդեսներում տպագրված աշխատանքների քանակը և դրանց մեջբերելիության ու հղվելիության ցուցանիշը։
Հիմնականում հենց այդ չափանիշների հիման վրա Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն 2013 թ. որոշել էր Հայաստանի 100 լավագույն գիտնականներին, ում աշխատանքին ուղղվեց լրացուցիչ ֆինանսավորում։ Լրացուցիչ ցուցանիշներ էին պատրաստված ասպիրանտների, միջազգային գիտաժողովներում զեկուցումների քանակները և այլն։ Ընդ որում, այդ չափանիշները հաշվի առնող գնահատականներով՝ 2012թ. բոլոր ուղղություններով Հայաստանում ստեղծված գիտական արդյունքների վրա կատարված հղումների մոտ 75 տոկոսը տրվել է ԱԱԳԼ-ի գիտնականների աշխատանքների վրա։
- Որքա՞ն է կազմելու ԱԱԳԼ-ի այս տարվա բյուջետային ֆինանսավորումը։
- Այն կկազմի 800 մլն դրամ, մոտ 200 մլն դրամ նախատեսում ենք ստանալ մեր սեփական տնտեսական գործունեության միջոցով։ Ընդ որում, մեր ընդհանուր բյուջեի 70 տոկոսն ուղղվում է աշխատավարձի ֆոնդ։ ԱԱԳԼ-ում աշխատավարձը որոշ չափով ավելի բարձր է, քան Հայաստանի մյուս գիտահետազոտական հաստատություններում. մասնավորապես, այս տարվանից մեր երիտասարդ, թեկնածուական թեզը պաշտպանած կադրերի միջին աշխատավարձը շուրջ 130 հազար դրամ է, ինչը այնքան էլ շատ չի զիջում հանրապետական միջին աշխատավարձի ցուցանիշին։ Երբ երեք տարի առաջ ստանձնեցի ԱԱԳԼ-ի տնօրենի պարտականությունները, այդ ցուցանիշին հասնելը համարեցի իմ առաջնային նպատակներից մեկը։
Մեր ինստիտուտն էր, որ հանրապետությունում առաջին անգամ, երեք տարի առաջ ներդրեց ատեստավորման համակարգ՝ վերն արդեն նշված չափանիշներին համապատասխան, և այդ ատեստավորման արդյունքների համաձայն էլ աշխատավարձ է սահմանվում։ Այս տարի ևս ցանկանում էինք ատեստավորման ավելի բարձր արդյունքներ ցույց տված կադրերի աշխատավարձը բարձրացնել, բայց դա դեռ չկատարվեց համապատասխան միջոցների բացակայության պատճառով։
- Ներկայումս որքա՞ն է ԱԱԳԼ-ի աշխատակիցների թիվը։
- Ունենք 420 աշխատող, իսկ խորհրդային ժամանակներում աշխատողների թիվը հասել էր 3,5 հազարի։
- Կա՞ արդյոք սերնդափոխության խնդիր, և ինչպե՞ս է լուծվում այն։
- Վերջին երեք տարիներին մոտ 100 երիտասարդ մասնագետ ենք ընդունել, և ձևավորվել է մինչև 35 տարեկան գիտաշխատողների մի ստվար հատված։ Սակայն ԱԱԳԼ-ի աշխատակիցների միջին տարիքի ցուցանիշը չի արտացոլում տարիքային կազմի հետ կապված ցավոտ խնդիրը. չկան 35-55 տարեկան փորձառու գիտաշխատողներ, ովքեր մինչև 35 տարեկաններին կփոխանցեն իրենց գիտելիքն ու հմտությունները։ Իսկ վերջիններիս գիտական պատրաստվածությունը ցածր մակարդակի է՝ կապված դպրոցական և բուհական կրթության վատթարացման հետ։ Եվ հիմա մենք մտածում ենք, թե ինչպես նրանց ունակությունները բարելավենք։ Բնականաբար, ծագելու է նաև աշխատանքային ցածր ցուցանիշներ արձանագրած կադրերին ազատելու անհրաժեշտություն։
Ես հիմա փորձագետների հանձնաժողով եմ կազմել, ովքեր զրուցում են բոլոր նոր ընդունված մասնագետների հետ, որպեսզի տեսնեն, թե որքանով են նրանք պատրաստ աշխատանքին։ Անցյալ տարվանից հատուկ դասախոսություններ ենք կազմակերպում մեր և արտասահմանից հրավիրված գիտնականների մասնակցությամբ, բայց, ինչպես երևում է, ընդհանուր բնույթի դասախոսություններն այնքան էլ օգուտ չեն բերում, և անհրաժեշտ է դասեր անցկացնել, ինչպես դպրոցում՝ տնային աշխատանք հանձնարարելով, գրատախտակի մոտ կանչելով։ Մեզ մոտ կարևորն աշխատելու ոճն է, որը բուհում չեն սովորեցրել. խոսքն ինքնուրույն ինչ-որ երևույթի արդյունք հաշվարկելու, չափելու մասին է։
Բացի այդ, ԱԱԳԼ-ում, ՀՀ կրթության և գիտության նախարարության թույտվությամբ, մագսիտրատուրա ենք բացելու և նախապատարաստում ենք, օրինակ, էլեկտրոնիկայի, փորձարարական ֆիզիկայի լսարաններ, որովհետև ֆիզիկոս-փորձարարի մասնագիտությունը շատ յուրահատուկ է. նա կարող է շատ մեծ թվով բնագավառներում մեծ օգուտ բերել, քանի որ գիտե գիտափորձ պլանավորելու, չափում կատարելու կանոնները և դրա արդյունքը ներկայացնելու մեթոդները: Այդ ամենը գործնականում կիրառելով է հնարավոր սովորել, այլ ոչ թե գրքերից։ Սակայն այդ մասնագիտությունը մեզանում վերանում է...
Նվազել է ֆիզիկոսի մասնագիտութուն ստանալու համար բուհեր դիմողների հոսքը։ Նախկինում ԵրՖԻ-ն ուներ դպրոցներ շվեյցարական CERN (Conseil Europeen pour la Recherche Nucleaire), գերմանական DESY (Deutsches Elektronen-Synchrotron), ամերիկյան Jefferson Laboratory կենտրոններում. դպրոց ասածս մեր գիտնականների՝ այդ հետազոտական հաստատություններում գործող խմբերն էին, որոնց մոտ էինք ուղարկում հայ ուսանողների խմբերին, ովքեր ստանում էին համապատասխան աշխատանքներում ընդգրկվելու, գիտական թեզ պաշտպանելու հնարավորություն։ Բայց հիմա կտրուկ նվազել է այդ ուսանողների թիվը։ Նախկինում մրցակցություն կար այդ հաստատություններ ԵրՖԻ-ի գիտական խմբերում գործուղվելու համար, լավագույններին էինք ընտրում, իսկ ներկայում ուսանողների հոսք ընդհանրապես չկա։
Բացի այդ, թեկնածուական թեզ պաշտպանած երիտասարդ մասնագետների զգալի մասն աշխատանք է գտնում արտերկրում։
Այնպես որ, վերը նշվածը հաշվի առնելով, պետք է ասեմ, որ ԱԱԳԼ-ի ապագան վտանգված է, քանի որ չկա միջին տարիքի և երիտասարդ ֆիզիկոսների այն սերունդը, որը կփոխարիներ ավագներին։ Նորից նշեմ, մեր գործը հիմնված է գիտափորձի վրա և փորձարարական ֆիզիկայի մասնագետների վրա, իսկ առանց դրա, նույնիսկ ամենաբարձրակարգ տեխնիկայի ու տեխնոլոգիաների և անսահմանափակ ֆինանսավորման պարագայում, անհնար է հետազոտությունների և զարգացման արդյունքի տանող ուղի ընտրել։
- Իսկ արտերկրում ԱԱԳԼ-ի պատարստած կադրերը պահանջարկ ունե՞ն։
- Արտերկրի գիտական հաստատությունները հոժարությամբ են ընդունում մեզ մոտ թեկնածուական թեզ պաշտպանած երիտասարդ մասնագետներին՝ որպես «պոստդոկ», նրանց ընձեռելով 2-3 տարվա ընթացքում թեմա մշակելու հնարավորություն։ Ցավոք, նվազում է նաև մեզ մոտ թեկնածուական աստիճան հայցորդների թիվը, եթե 2012թ. նրանք 10-ն էին, ապա այս տարի դիմելու է ընդամենը 3-4 հոգի...
- Մյուս ուղղություններով միջազգային համագործակցություն կա՞։
- ԱԱԳԼ-ի տեսական ֆիզիկայի բաժանմունքի գիտականները շատ լայն միջազգային համագործակցություն են ծավալել հիմնականում եվրոպական գիտական կենտրոնների հետ։ Նրանք մեծ թվով համատեղ գիտական աշխատանքներ են տպագրում, մեծ ջանքեր են թափում երիտասարդ մասնագետների պատրաստման համար։
Միջազգային համագործակցության լայն դաշտ ունեն նաև ինստիտուտի կիրառական հետազոտությունների և մշակումների, տիեզերական ճառագայթների բաժանմունքները, իզոտոպների ուսումնասիրության և արտադրության բաժինն ու կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնը։
Հարցազրույցը վարեց Սամվել Սարգսյանը