Պաշտոնական

Կառավարությունը պատրաստ է լրացուցիչ արտոնություններ տրամադրել ՀՀ-ում նորարարական արտադրանք թողարկողներին. Սերժ Սարգսյան

10 րոպեի ընթերցում

Կառավարությունը պատրաստ է լրացուցիչ արտոնություններ տրամադրել ՀՀ-ում նորարարական արտադրանք թողարկողներին. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի Երևան պետական այցի շրջանակում անցկացվել էհայ-ֆրանսիական գործարար համաժողով, որի բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը պատասխանել է գործարար համաժողովի մասնակիցների հարցերին:

Գործատուների ֆրանսիական միության գլխավոր տնօրենՖիլիպ Գոթիեն նշել է, որմոտ ապագայում Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, որը հնարավորություն կընձեռի հայկական ընկերություններին ավելի դյուրացված կարգով մուտք գործել 200 միլիոն սպառող ունեցող Մաքսային միության շուկա: Նրա այն հարցին, թե ինչպիսի առավելություններ կունենան ֆրանսիական ընկերությունները Հայաստանի միջոցով այս շուկայի հետ համագործակցելիս, և այս առումով ինչ է անելու Հայաստանը՝ ֆրանսիական ընկերություններին գրավելու ուղղությամբ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնենք: Մաքսային միության հնարավոր անդամակցությունը, կարծում եմ, Հայաստանի տնտեսությունը և Հայաստանը՝ որպես ներդրումային միջավայր, ավելի գրավիչ է դարձնում: Փաստորեն, Դուք արդեն նշեցիք 200 միլիոնանոց շուկայի մասին, ես ուզում եմ նաև նշել, որ այսօր Հայաստանը օգտվում է նաև արտոնությունների ընդհանուր համակարգից, այդպես է, չէ՞, GSP+-ը, և ստացվում է, որ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանում գործող ձեռնարկությանն օգտվելու 700 միլիոնանոց շուկայից, իսկ սա, կարծում եմ, կարևոր հանգամանք է»:

Բացի այդ, ինչպես ընդգծել է ՀՀ Նախագահը, Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս մրցունակ գներով էներգակիրներ ներմուծել Հանրապետություն, ինչը բավականաչափ մեծ խթան է հանդիսանում: «Փաստորեն, Մաքսային միության անդամներին այդ կազմակերպությունը 30 տոկոսանոց զեղչ է կատարում վառելիքի, գազի, բենզինի և այլնի վրա: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի գրավչությունը կարող է բարձրանալ, եթե մենք կարողանանք շուկայի սահմանափակումները վերացնել ու նաև մեծ շուկաներից կտրվածության վերջը տալ: Մաքսային միությանն անդամակցությունը հենց այսպիսի խնդիրներ է լուծում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ որոշ մարդիկ, տեղյակ չլինելով կառավարության քաղաքականությանը, տեղյակ չլինելով այն մանրամասներին, որոնցով զբաղվում է կառավարությունը, փորձում են լուրեր տարածել, որ Մաքսային միությանն անդամակցումը կարող է խոչընդոտել ներդրումային գործընթացին, որովհետև որոշակի ապրանքատեսակների, այդ թվում նաև հումքերի վրա պետք է կիրառվի լրացուցիչ մաքսային տուրք: «Ուզում եմ ասել, որ նախ՝ հիմնական հումքերի և ապրանքատեսակների մասով մենք արդեն բանակցային գործընթացում ունենք պայմանավորվածություններ. սա՝ մեկ, և երկրորդը՝ Հայաստանի կառավարությունը ունի գործիքներ, որոնցով կխրախուսի տվյալ ներդրողին, եթե որոշակի փոփոխություններ ժամանակի ընթացքում լինեն՝ կապված հումքի ներմուծման հետ: Ուզում եմ ասել, որ այստեղ էլ շատ հանգիստ կարելի է լինել: Հայաստանն առաջարկում է օտարերկրյա և առաջին հերթին՝ ֆրանսիացի գործարարներին 30 րոպեի ընթացքում գրանցել ձեռնարկություն, արագ գտնել մի քանի լեզուների տիրապետող երիտասարդ մասնագետների և եթե հաշվի առնենք, որ Հայաստանում աշխատավարձը բարձր չէ՝ միջին աշխատավարձը կազմում է 300 եվրո, ապա կարծում եմ, որ Հայաստանում, իրոք, կարելի է լավ բիզնես անել: Ընդ որում, մենք ծրագրեր ունենք ինչպես խոշորածավալ, օրինակ, Հայաստանում սկսելու պղնձաձուլարանի կառուցումը, ինչը շատ խոշոր ծրագիր է նույնիսկ մեծ ընկերությունների համար, որովհետև սկսած այս տարվա սեպտեմբերից Հայաստանը արտադրելու է 80-100 հազ. տոննա պղինձ՝ խտանյութում: Սա արդեն այն քանակն է, որը վերամշակման մեծ կարիք ունի, վերջացրած փոքր ծրագրերից, օրինակ, ջերմոցաշինության և գյուղատնտեսական մթերքների արտադրության փորձը: Իսկ ֆրանսիացի գործարարների համար մենք պատրաստակամ ենք մեր ուշադրությունը հավելյալ ավելացնել»- ընդգծել է երկրի ղեկավարը:

«Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրենՖրանսիս Ժելիբտերն էլ նշել է, որՀայաստանում գործող ընկերությունները գնահատում են ՀՀ Նախագահի և կառավարության հետաքրքրվածությունը երկրում նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացմամբ: Նա Սերժ Սարգսյանին խնդրել է ներկայացնել այն տարբեր միջոցառումները, որոնք մտադիր են իրականացնել հայկական իշխանությունները՝ թափ հաղորդելու բարձր տեխնոլոգիաների արտադրության և այդ ոլորտում ծառայությունների զարգացումը Հայաստանում: «Համացանցի զարգացման հետ կապված՝ արդյո՞ք դուք խրախուսելու եք կառավարության կենտրոնական, տարածքային և մեծ քաղաքների մակարդակներում էլեկտրոնային կառավարման հետագա ներդրմանը: Եթե այո, արդյո՞ք կարծում եք, որ ֆրանսիական կապիտալով ընկերությունները, ինչպիսին «Օրանժն» է, կկարողանան մասնակցել էլեկտրոնային կառավարման միջոցների ներդրմանը»,- հարցրել է Ֆրանսիս Ժելիբտերը: Ի պատասխան` ՀՀՆախագահն իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ«Օրանժը» Հայաստանում է և տարեցտարի ընդլայնում է իր ծառայությունները՝ մի կողմից, իհարկե, մատուցելով որակյալ ծառայություններ մեր բնակչությանը, մյուս կողմից՝ կամաց-կամաց արդեն մտնելով զուտ բիզնես դաշտ, որպեսզի կարողանա ետ վերադարձնել իր ներդրումները:

Նա ակնհայտ է համարել, որ առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, անհնար է ունենալ արդյունավետ կառավարում և ժամանակակից կենցաղ: Հենց այդ պատճառով Հայաստանի կառավարությունը որդեգրել է, այսպես ասած, էլեկտրոնային կառավարության մոդելը, և տարեցտարի տեխնոլոգիաները օգտագործվում են տարբեր ոլորտներում ու շատ արդյունավետ: Սերժ Սարգսյանն օրինակ է բերել հարկային հաշվետվողականությունը, այսինքն՝ հարկերի էլեկտրոնային վճարումը, կադաստրը, պետական գնումների, ձեռնարկությունների գրանցման ոլորտները: «Արդյունքում, իհարկե, մենք ունենալու ենք էլեկտրոնային կառավարությունը, և այդ ոլորտներին անցումները մենք կատարում ենք հրապարակային մրցույթների միջոցով, և շատ ուրախ կլինենք, եթե «Օրանժը» մասնակցի այդ մրցույթներին, շահի և, իհարկե, ինքը մասնակցի էլեկտրոնային կառավարության ստեղծմանը: Մենք համարում ենք, որ, իրոք, որոշակի հաջողություններ այս բնագավառում ունենք, բայց մյուս կողմից էլ խորապես համոզված ենք, որ կիլոմետրերով ետ ենք մնում զարգացած երկրներից: Ահա այս տարբերությունը մենք պետք է կրճատենք, և մենք վճռական ենք դա անելու: Մենք, անշուշտ, մեկ անգամ ևս ասեմ, այո՛, պատրաստ ենք նաև անհատական գործիքներ առաջարկելու մեր ներդրողներին: Գոնե «Օրանժն» այդ մասին գիտի: Հայաստանն այնքան փոքրիկ երկիր է և այնքան փոքրիկ տնտեսություն ունի, որ Հայաստանի և՛ Նախագահը, և՛ վարչապետը, առավել ևս՝ կառավարության անդամները մշտապես ժամանակ կգտնեն նույնիսկ միջին ներդրողի համար, որպեսզի ծանոթանան նրա խնդիրներին և փորձեն օժանդակել՝ մինչև պետական համակարգն ամբողջովին կաշխատի»- նշել է Հայաստանի ղեկավարը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենՀովիկ Մուսայելյանի դիտարկմամբ`Հայաստանը աշխարհագրական և աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով` իր հիմնական շեշտադրումներն անում է բարձրարժեք արտադրություններում, մասնավորապես՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաներում, ռոբոտաշինության և դեղագործության և նմանատիպ այլ ոլորտներում: Նրա հարցը վերաբերել է երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվելիք այն քայլերին, որոնք կնպաստեն այս ոլորտներում համագործակցությունը նոր զարգացման փուլին հասցնելուն, երկու երկրների համատեղ ձեռնարկությունների կայացմանը և ստեղծմանը Հայաստանում:

Սերժ Սարգսյանը, պատասխանելով, նշել է, որ «մենք անընդհատ պետք է կատարելագործենք գործարար միջավայրը, սա է այն ճանապարհը, որով մենք կարող ենք ինչպես գրավիչ դարձնել ներդրումային պայմանները, այնպես էլ խթանել տնտեսական աճը Հայաստանում: Անդրադառնալով ինովացիաներին`հայտարարել է, որ այն ընկերությունները, որոնք Հայաստանում կարտադրեն նորարարական հիմքերի վրա արտադրանք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է լրացուցիչ արտոնություններ տրամադրել, օրինակ՝ տևական ժամանակով ազատել շահութահարկից: «Մենք կարող ենք նաև այլ առաջարկություններ անել, կարևորն այն է, որպեսզի գտնենք այդպիսի ընկերություն, մեր ունեցած ծրագրերով մարդկանց ոգևորենք, վստահություն ներշնչենք, որպեսզի նրանք գան և Հայաստանում ստեղծեն նոր արտադրանք: Սա պետք է լինի մեր հիմնական խնդիրը»,- շեշտել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում