Տնտեսություն

Հայաստանը պատրաստակամ է ֆրանսիական ներդրողներին հավելյալ ուշադրություն տրամադրել. ՀՀ Նախագահ

5 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստակամ է ֆրանսիական ներդրողներին հավելյալ ուշադրություն տրամադրել. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը կբարձրացնի Հայաստանի` որպես ներդրումային միջավայրի գրավչությունը և նոր արտոնություններ կապահովի օտարերկրյա ներդրողների համար: Այս մասին, Հայ-ֆրանսիական գործարար համաժողովի ժամանակ Ֆրանսիայի գործատուների միության` ՄԵԴԵՖ-ի գլխավոր տնօրենի հարցին ի պատասխան` նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Այն, որ Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրասիական միությանը, որքանո՞վ է օգտակար ֆրանսիական ձեռնարկությունների համար Հայաստանումաշխատելու առումով , ի՞նչ արտոնյալ պայմաններ կան, որոնք կխրախուսեն ֆրանսիացի ներդրողներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարցրեց ՄԵԴԵՖ-ի գլխավոր տնօրենը:

«Հայաստանի` Մաքսային միությանը հնարավոր անդամակցությունը Հայաստանի տնտեսությունը և Հայաստանը, որպես ներդրումային միջավայր, ավելի գրավիչ է դարձնում: Դուք ինքներդ էլ նշեցիք 200 միլիոնանոց շուկայի մասին, որը տալիս է Մաքսային միությունը, ես էլ ուզում եմ նաև նշել, որ Հայաստանն այսօր օգտվում է նաև արտոնությունների համակարգից` GSP+-ից, ու ստացվում է, որ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանում գործող ձեռնարկությանը օգտվել 700 միլիոնանոց շուկայից: Բացի դրանից` Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանին հնարավորություն կտա մրցունակ գներով էներգակիրներ ներմուծել հանրապետություն, որը մեծ խթան է: Փաստորեն, Մաքսային միության շնորհիվ կազմակերպությունը 30 տոկոսանոց զեղչ է ստանում վառելիքի` գազի, բենզինի և այլնի համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը լուծում է այնպիսի խնդիրներ, որոնցից է շուկայի սահմանափակությունը, նաև մեծ շուկաներից կտրվածությունը: «Ուզում եմ այստեղ բոլորի ուշադրությունը մի հանգամանքի վրա հրավիրել. որոշ մարդիկ, տեղյակ չլինելով ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականությանը, փորձում են լուրեր տարածել, թե Մաքսային միությանն անդամակցությունը կարող է խոչընդոտել ներդրումային գործընթացը, որովհետև որոշակի ապրանքատեսակների վրա կկիրառվի լրացուցիչ մաքսային տուրք: Ուզում եմ ասել, որ հիմնական հումքերի ու ապրանքատեսակների մասով բանակցային գործընթացում մենք արդեն ունենք պայմանավորվածություն: Բացի այդ, ՀՀ կառավարությունը ունի գործիքներ, որոնցով կխրախուսի տվյալ ներդրողին, եթե որոշակի փոփոխություններ լինեն ժամանակի ընթացքում` կապված հումքի ներմուծման հետ»,- ասաց Նախագահը` հավելելով, որ Հայաստանը օտարերկրյա և, առաջին հերթին, ֆրանսիացի գործարարներին առաջարկում է 30 րոպեի ընթացքում գրացնել ձեռնարկություն, արագ գտնել մի քանի լեզուների տիրապետող երիտասարդ մասնագետներ: «Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը ընդամենը 300 եվրո է, ապա կարծում եմ, որ Հայաստանում կարելի է լավ բիզնես անել: Ընդ որում` մենք ունենք խոշորածավալ ծրագրեր, օրինակ, Հայաստանում սկսելու ենք պղնձաձուլարանի կառուցում, որը մեծ ծրագիր է նույնիսկ խոշոր ընկերությունների համար: Սկսած այս սեպտեմբերից` Հայաստանն արտադրելու է 80-100 հազար տոննա պղինձ խտանյութով, սա այն քանակն է, որը վերամշակման կարիք ունի: Կան նաև փոքրածավալ ծրագրեր` ջերմոցաշինությունը և գյուղատնտեսական մթերքների արտադրությունը: Պետք է նշեմ, որ ֆրանսիացի գործարաների համար մենք պատրաստակամ ենք հավելյալ ուշադրություն տրամադրել»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Մայիսին 12-ին պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ներկա գտնվեցին հայ-ֆրանսիական գործարար համաժողովին: 2013 թվականին Հայաստանի և Ֆրանսիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 26.1 միլիոն ԱՄՆ դոլար, որից ներմուծումը` 21.8 միլիոն ԱՄՆ դոլար:

ՀՀ-ից Ֆրանսիա արտահանվող հիմնական ապրանքնատեսակներն են` իրեր բնական կամ արհեստական կաշվից, վերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, բաճկոններ, տղամարդու կոստյումներ, պիջակներ, բլայզերներ, տաբատներ:

Ֆրանսիայից ՀՀ ներմուծվող հիմնական ապրանքնատեսակներն են` դեղամիջոցներ` կշռածրարած, օծանելիք և հարդարաջուր, շիշ, բանկա, ամպուլա և ապակե այլ տարրաներ:

ՀՀ-ում 2013-ին Ֆրանսիայի օտարերկրյան ներդրումները կազմել են 99.1 միլիոն ԱՄՆ դոլար: ՀՀ-ում ֆրանսիական կապիտալով գործում է ավելի քան վելի քան 230 ընկերություն`բանկային, կրթության, առողջապահության, հեռահաղորդակցության, էներգետիկայի, խորհրդատվական ծառայության, տուրիզմի ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում