Դպրոցներում ուսումնական տարվան ընդառաջ աշխատանքներն իրականացվել են. շարունակվում է նոր չափորոշչի ներդրումը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ դպրոցներում պատշաճորեն ուսումնական տարին սկսելու համար բոլոր աշխատանքներն իրականացվել են: Շարունակվում է Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանրակրթության ոլորտի բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին և՛ մարզային, և՛ քաղաքապետարանի բոլոր այն պատասխանատուները, որոնք ներգրավված են ուսումնական պրոցեսի մեկնարկում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները, որոնք իրականացվել են կամ շարունակում են իրականացվել:

«Այսօրվա աշխատաժողովի նպատակն է ամփոփել աշխատանքները, որոնք իրականացվել են և ևս մեկ անգամ խոսել կարևոր անելիքների մասին՝ շեշտադրելով դրանք, որպեսզի մեր գործընկերները՝ թե՛ մարզային վարչություններից, թե՛ Երևանի քաղաքապետարանից, պլանավորեն իրենց անելիքները»,- ասաց Սվաջյանը:
Անդրադառնալով հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացին՝ նա նշեց, որ աշխատանքներն այս տարի ևս շարունակվում են. այն ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում:
«Դասագրքերը փորձաքննություն անցել են, երաշխավորվել և տպագրվել են: Միայն մի մասը դեռ գործընթացի մեջ է, որովհետև ավելի ուշ երաշխավորվեցին՝ լրամշակման կարիքից ելնելով: Այդ դասագրքերից են, օրինակ, 8-րդ դասարանի հանրահաշիվ, հայոց պատմություն առարկաներինը: Փոքր թվով առարկաների դասագրքեր չկան, որոնցից առանցքային է 10-րդ դասարանի հայոց պատմությունը: Բայց այդ մասով ծրագրեր են արվում, առանձին ուսումնական նյութեր են մշակվում, կիրականացվեն վերապատրաստումներ՝ ուղղված հայոց պատմության դասավանդման մեթոդաբանությանը»,- նշեց նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանը վստահեցրեց ՝ մինչև սեպտեմբերի մեկը դասագրքերը կբաշխվեն դպրոցներին: Ըստ նրա՝ որոշ առարկաների՝ մասնավորապես օտար լեզուների նոր դասագրքեր այս տարի չկան, քանի որ կամ հայտ չի ներկայացվել, կամ չեն հաղթահարել պահանջները: Այս տարի դպրոցներում կկիրառվեն նախկինում գործող դասագրքերը, սակայն այդ դասագրքերի մրցույթներն արդեն իսկ հայտարարված են, և հաջորդ տարվա սկզբին կամփոփվեն:
«Գործընկերների հետ համագործակցությամբ մեկնարկել են նաև վերապատրաստումները, ներդրվել են մասնագիտական կողմնորոշման խմբակը, առողջ ապրելակերպի դասընթացը, ԿԶՆԱԿ-ն իրականացնում է առարկայական, ինչպես նաև ուսումնական պլանի գծով վերապատրաստումները: Բոլոր աշխատանքները, որ պետք էր կազմակերպել դպրոցներում պատշաճորեն տարին սկսելու համար, իրականացվել են»,- ընդգծեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Ըստ Սվաջյանի՝ օգոստոսի 16-ին Ծաղկաձորում հրավիրված աշխատաժողովի ընթացքում կնախանշվեն այն գործողությունները, որոնք պետք է արվեն, և հատկապես օրակարգային է դպրոցների ֆինանսավորման հարցը, դրա առանձնահատկությունները:
Երկուշաբթի օրվանից մեկնարկելու են մարզային այցերն ու օգոստոսյան խորհրդաժողովները: Սվաջյանն ընդգծեց՝ հատկանշական է, որ այս տարի այցելություններ կլինեն նաև արտադպրոցական ուսումնական հաստատություններ: Փոխնախարարի խոսքով՝ այս տարի բարեփոխումների ծրագրեր են իրականացվում նաև այդ կառույցներում, և հանդիպումների նպատակն է ուղղորդել ղեկավարներին ավելի լավ պատկերացնելու գործընթացը և արդյունավետ սկսելու ուսումնական տարին:
Կոտայքի մարզպետարանի ԿԳՄՍ վարչության պետ Կարեն Հունանյանն ընդգծեց՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումից հետո նման հանդիպումներն ու քննարկումները կարևոր դեր ու նշանակություն ունեն կրթության ոլորտի համար:

«Իմ կարծիքով՝ կրթության ոլորտը մի փոքր կարծրացած բնագավառ է, այդ իսկ պատճառով նորությունները բավականին դժվար են ներդրվում, բայց կարծում եմ՝ կհաջողվի, քանի որ նախորդ տարվա փորձը բավական լավ արդյունքներ է գրանցել: Իհարկե, կան տեղեր, որտեղ շտկումներ պետք է իրականցվեն, կարելի է ասել նոր չափորոշիչը՝ հատկապես ուսումնական ծրագրերը, պետք է դպրոցներում գործնականում թրծվեն»,- ասաց Կարեն Հունանյանը:
Խոսելով կրթության նոր չափորոշչի ներդրման առավելություններից՝ Հունանյանն ընդգծեց՝ առավելություններից մեկն այն է, որ դպրոցը ուսումնական պլանը շատ ավելի ազատ կազմելու հնարավորություն ունի: