Հայաստան

Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողով

2 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողով

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ համաժողովը նվիրված է լինելու Եվրասիական տնտեսական միության տասնամյա գործունեության արդյունքներին, զարգացման հեռանկարներին ու առաջնահերթություններին։

«Համաժողովի նպատակն է բարելավել համագործակցության կապերը Եվրասիական տարածքում: Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարներ, Միության երկրների պետական ​​մարմինների, ինչպես նաև՝ երրորդ երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը զարգացնելու հարցում», -  նշել են մամուլի ծառայությունից։

Բացի այդ, նաև հաղորդվում է, որ համաժողովի ծրագիրը ներառում է ավելի քան 30 միջոցառում, այդ թվում՝ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստ՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ չորս ազատությունների ապահովման հրամայական» խորագրով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում անդամ երկրների և երրորդ երկրների փորձագետները կքննարկեն միության ռազմավարական զարգացման նոր ուղղությունները։

Եվրասիական տնտեսական համաժողովը տնտեսական ոլորտում միության ամենամյա բիզնես միջոցառումն է։ Այն անցկացվում է հերթականությամբ միության մարմինները նախագահող ԵԱՏՄ երկրներից մեկում։ 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահում է Հայաստանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում