Տնտեսություն

Ցյուրիխում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջային գրավչությունը և բաց երկնքի քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

Ցյուրիխում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջային գրավչությունը և բաց երկնքի քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մայիսի 7-ին տեղի է ունեցել Շվեյցարիա-Հայաստան գործարար համաժողովը: Շվեյցարիա-ԱՊՀ առևտրի միացյալ պալատի կողմից կազմակերպված այս միջոցառման նպատակն է վեր հանել առևտրային և ներդրումային հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում` խթանելով գործընկերային կապերի հաստատումը և ամրապնդումը երկու երկրների մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից, համաժողովում հիմնադրամը ներկայացրել է ՀՀ զբոսաշրջության, զբոսաշրջության խթանման և ավիացիայի ոլորտի ազատականացման գործողությունները, ինչպես նաև այս բնագավառներում երկկողմ համագործակցության խորացման, ներդրումների և նոր ավիափոխադրողների ներգրավման կարևորությունը: Վերջինս հնարավորություն կընձեռի Հայաստանի զբոսաշրջային արդյունքների առավել լայն և բովանդակային իրացման և ներդրումային գրավչության բարձրացման համար` միևնույն ժամանակ որակապես նոր մակարդակի բերելով Հայաստանի կապակցվածությունը միջազգային շուկաների հետ:

Հաշվի առնելով Շվեյցարիայի՝ զբոսաշրջության արդյունքի զարգացման տեսանկյունից համաշխարհային առաջատար լինելու հանգամանքը` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն աջակցել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների Հայաստան և Արցախ կատարած այցին: Մասնավորապես, այցի ընթացքում շվեյցարացի պատգամավորներին ներկայացվել են ՀԱՄՀ կողմից իրականացվող միջոցառումները, Տաթև զբոսաշրջային գոտին և պետական-մասնավոր համագործակցության արդյունքում ծնված Տաթև զբոսաշրջային գոտու զարգացման ծրագիրը, ինչպես նաև ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվող սոցիալական պատասխանատու ձեռնարկատիրության ձևաչափը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում