Գալուստ Սահակյանը կարող է օգուտ բերել Ազգային ժողովին և մեր երկրին. ՀՀ Նախագահ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն արդարացի է համարում Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Առաջին լրատվականը, այս մասին ՀՀ Նախագահն ասել է կուսակցության խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում: «Հաշվի առնելով, որ Գալուստ Սահակյանը մեր կուսակցության հին անդամներից է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գալուստ Սահակյանը խորհրդարանական աշխատանքի ահռելի փորձ ունի, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա տևական ժամանակ ղեկավարել է մեր խորհրդարանական խմբակցությունը, ես վստահ եմ, որ նա կարող է լինել Ազգային ժողովի նախագահ և օգուտ բերել ինչպես Ազգային ժողովին, այնպես էլ մեր երկրին և մեր կուսակցությանը»,- ասել է Նախագահը:
Գալուստ Սահակյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին վստահության, իսկ գործընկերներին` աջակցության համար: Նա նշել է, որ գիտակցում է իր վրա դրված ողջ պատասխանատվությունը: «Գիտակցում եմ, որ պիտի կարողանամ իմ գործընկերների հետ համատեղ արդարացնել այն վստահությունը, որ տրվում է ինձ, մինչև վերջ իրականացնել: Վստահեցնում եմ, որ երբեք իմ պատճառով որևէ մեկդ չեք ամաչի»,- ասել է Սահակյանը:
ՀՀԿ խորհրդի նիստում կուսակցության խորհրդի անդամները միաձայն ընդունել են ՀՀ Նախագահի` Գալուստ Սահակյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու առաջարկը: ԱԺ Նախագահի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 28-ին` ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին: