Կարծիքներ

ԼՂ հարցում պատմական ճշմարտությունը հայերի կողմից է. ադրբեջանագետ

4 րոպեի ընթերցում

ԼՂ հարցում պատմական ճշմարտությունը հայերի կողմից է. ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն ադրբեջանական կողմի ակտիվացումները սահմանին պայմանավորում է ոչ միայն տարածաշրջանին վերաբերող այս կամ այն այցերով ու հայտարարություններով, այլև ուկրաինական վերջին իրադարձություններով, մասնավորապես, Ղրիմի անջատումով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով վերջին շրջանում հայ-ադրբեջաբական սահմանին հրադադարի խախտման դեպքերն ու հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ակտիվ կրակահերթերը, նման կարծիք արտահայտեց ադրբեջանագետը: «Վերջին իրադարձությունների համատեքստում, երբ աշխարհը դառնում է երկբևեռ, Հայաստանն ու Ադրբեջանը ևս հայտնվելու են տարբեր բևեռներում, և այն, որ Հայաստանը հայտնել է իր պատրաստակամությունը միանալու Մաքսային միությանը, Ադրբեջանին լուրջ մտահոգվելու առիթ է տվել: Բացի դրանից` Ուկրաինայի իրադարձությունները, մասնավորապես, Ղրիմի անջատումը, անհանգստացնում է Ադրբեջանին, որ նմանատիպ իրավիճակ կարող է լինել նաև իր երկրում: Ներկայում աշխարհի քարտեզի փոփոխություն է տեղի ունենում ու Ադրբեջանը գիտակցում է, որ ինքն էլ կարող է սրանից չխուսափել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սարգիս Ասատրյանը` հավելելով, որ այս ամենը հաշվի առնելով էլ Ադրբեջանը տարբեր միջոցներով փորձում է իր ներքին լսարանի ուշադրությունը շեղել դեպի ընդհանուր թշնամին` Հայաստանը: «Պարբերական դարձած կրակոցները պետք է դիտակել ոչ միայն համանախագահների այցի ու նմանատիպ այլ միջոցառումներով պայմանավորված, այլև` գլոբալ զարգացումների տեսանկյունից»,-ասաց ադրբեջանագետը: «Ղրիմի անջատումը առրբեջանցիների տեսանկյունից կարող է նախադեպ հանդիսանալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերակայությանը տարածքային ամբողջականության նկատմամբ: Բազմաթիվ ադրբեջանական գործիչներ իրենց մտահոգությունն են հայտնում, որ Ղրիմի նախադեպը կարող է գործել Լեռնային Ղարաբաղի համար, ինչպես նաեւ այն կարող է շղթայական ռեակցիա ունենալ ու Ադրբեջանի մի շարք շրջաններում տարածվել, ուր կան տարբեր էթնիկ տարրեր»,-ավելացրեց Սարգիս Ասատրյանը:

Հարցին, թե որքանով է միջազգային լսարանի լռությունը նպաստում սահմանին լարվածության առկայությանը, ադրբեջանագետը նշեց, որ միջազգային հանրությունը համարժեք չի գործում: «Միջազգային հանրության լռությունը մեզ շատ անհանգստացնում է: Այնպես է ստացվում, որ դիտորդների առաքելությունն իր արդյունքը չի բերում ու սահմանին լարվածության նվազման փոխարեն այդ այցը բերում է լարվածության բարձրացման»,-ասաց նա: Սարգիս Ասատրյանի կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ակտիվացնել ու առավել համակարգված քարոզչություն իրականացնել, որպեսզի միջոցի դերում չհայտնվենք: «Պատերազմի վտանգ ես չեմ տեսնում: Մենք ուժեղ ենք, քանի որ պատմական ճշմարտությունը մեր կողմից է, բայց մենք պետք է ավելի ակտիվ դա ցույց տանք: Քարոզչության առումով մենք պետք է ճիշտ ու ակտիվ գործենք»,-ասաց ադրբեջանագետը:

ՀՀ պաշտոնական դիրքորոշմամբ` Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում