Կարծիքներ

ՀՅԴ-ն չի կարող կոալիցիայի մաս կազմել. քաղաքագետ

4 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ն չի կարող կոալիցիայի մաս կազմել. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում արմատական փոփոխություններ չեն լինի, վարչապետի հրաժարականն էլ անհիմն ուռճացվեց: Տեսակետը քաղաքագետ Լեւոն Շիրինյանինն է: Նա առաջարկում է հիշել Սահմանադրության դրույթները` հասկանալու համար, որ երկրում վարչապետի հրաժարականից հետո լուրջ փոփոխություններ չեն կարող լինել, քանի որ գլխավոր պատասխանատուն նախագահն է:

«Վարչապետն ընդամենը մենեջերի դերակատարություն ունի, որ իրականացնում է նախագահի ծրագրերը»,- ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը` հավելելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ու հետագայում նոր վարչապետի նշանակման հետ կապված ձգձգումներն ընդամենը ուշադրություն գրավելու նպատակ էին հետապնդում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, անդրադառնալով նոր վարչապետին, քաղաքագետը նշում է, որ առանց աշխատանքը տեսնելու չի կարելի բացասական գնահատական հնչեցնել, միաժամանակ, Շիրինյանը խորհուրդ է տալիս մեծ հույսեր չփայփայել: Այս պարագայում, ըստ քաղաքագետի, լավագույն տարբերակն այն է, որ երկրում շարունակվի քաղաքացիական պայքարն ու իշխանության վրա ճնշումները: Նրա գնահատմամբ, վարչապետի գլխավոր խնդիրը պետք է լինի վերահաստատել իշխանության հեղինակությունը: Այս առնչությամբ քաղաքագետը մեծ կարեւորություն է տալիս հասարակական դերակատարմանը: Նրա գնահատմամբ, հասարակությունը պետք է ակտիվ դերակատարում ունենա, քաղաքացու կարծիքը պետք է հարգվի, իսկ բարձրացված խնդիրները չանտեսվեն:

Ըստ Շիրինյանի, նոր վարչապետը պետք է տնտեսական նոր հայեցակարգ սահմանի եւ ուշադրությունը սեւեռի երկու կարեւոր խնդրի` արտագաղթի կասեցման եւ կոռուպցիայի դեմ պայքարի վրա: Վերջինի առնչությամբ քաղաքագետն առաջարկում է, որ համապատասխան օրենսդրական լրացումներ կատարվեն եւ կոռուպցիան համարվի պետական դավաճանություն:

Անդրադառնալով նոր կառավարության գործունեությանը` քաղաքագետն անիմաստ է համարում կոալիցիայի կազմումը: «Եթե ՀՀԿ-ն մեծամասնություն է, ապա ինքն էլ պետք է իր վրա պարտավորություն վերցնի խնդիրները կարգավորելու համար: Նոր կոալիցիա կազմելու հետ կապված խոսակցություններն ավելի են խճճում իրավիճակը»:

Նախկին դաշնակցականին անհասկանալի է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության կեցվածքը: Եթե խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն է, եթե կառավարությունում ՀՀԿ-ն է որոշում կայացնում, ապա, ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում դաշնակցականները` հանրապետականներին առաջարկություններ ներկայացնելով:

«ՀՀԿ-ն հաղթել է, բայց պետք է իրականացնի Դաշնակցությա՞ն ծրագրերը»,- զարմանում է Շիրինյանը: Նրա գնահատմամբ, Դաշնակցությունը պետք է ոչ թե կոալիցիա մտնել-չմտնելու հետ կապված «խաղեր տա», այլ երկրում ձեւավորի աշխատավորական-սոցիալիստական կուսակցություն: Սա, ըստ քաղաքագետի, Դաշնակցության գլխավոր առաքելությունը պետք է լինի:

Նրա գնահատմամբ, գաղափարախոսական առումով էլ ՀՅԴ-ն չի կարող կոալիցիայի մաս կազմել. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն բուրժուական գաղափարախոսության կրողներ են, ՀՅԴ-ն` աշխատավորական:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում