ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Սև, դառը SHOCKոլադ» ներկայացումը առաջին անգամ կներկայացվի հանդիսատեսի դատին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ապրիլի 15-ին և 16-ին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց ներկայացման պաշտոնական գործընկեր «Սփրինգ PR» ընկերության հանրային կապերի պատասխանատու Մարիամ Սաֆարյանը, գլխավոր դերերում հանդես են գալու դերասանուհի Լուիզա Ղամբարյանը և երգիչ, դերասան Արամոն:
Ներկայացման սցենարի հեղինակն է երգչուհի Էմմա Պետրոսյանը, բեմադրող ռեժիսորը` Սուրեն Շահվերդյանը:
«Սև, դառը SHOCKոլադ»-ը անտրակտ մտորումով հոգեբանական դրամա է, որում ներկայացված են կին-տղամարդ հակասություններով լի փոխհարաբերությունները: Ներկայացումը փորձում է պատասխանել «կինն է իրավացի, թե տղամարդը» հարցին: «Սև, դառը SHOCKոլադ»-ից անմասն չի մնում նաև սիրո, դավաճանության թեման: