Բաքուն հերթական անգամ ապացուցեց, որ հայերի առնչությամբ Իլհամ Ալիեւը հոգեբանական բարդույթ ունի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի 2014թ. նիստին մեկնող հայկական պատվիրակության ընդունելությունը չապահովելու Բաքվի վարքագիծը հերթական անգամ արտացոլում է Իլհամ Ալիեւի հոգեբանական բարդույթը եւ Ադրբեջանի իշխանություն ների հատուկ քաղաքական որոշումը, որ որեւէ հարթության վրա հարաբերություն չպետք է ունենալ Հայաստանի եւ հայերի հետ:«Արմենպրես»-ի հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, Ադրբեջանը նման վերաբերմունքով ոչ միայն հաստատում է իր ապակառուցողական դիրքորոշումն ու գործելակերպը, այլեւ քաղաքական խնդիրներ է ստեղծում առաջին հերթին իր համար: «Միջազգային հարթակներում Ադրբեջանի ներկայացրած բոլոր այն փաստարկները, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ապրի Ադրբեջանի տիրապետության տակ, ադրբեջանցիների հետ` հերթական անգամ դառնում են ոչինչ, քանի որ նման գործընթացներով Ադրբեջանի մոտեցումները փաստում են, որ Արցախի ժողովուրդը չի կարող է մեկ հարկի տակ խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ: Հաշվի առնելով նմանատիպ միջոցառումների խափանումը, սաֆարովյան գաղափարախոսությունը, միջազգային հանրությունն էլ է հասկանում, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու դիրքորոշումը ոչ միայն խանգարում են բանակցային գործընթացին, այլեւ երկու ժողովուրդների միջեւ ուշ թե շուտ հարաբերությունների հաստատմանը»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ նման գործելակերպը հատկապես օրակարգային դարձավ Իլհամ Ալիեւի նախագահության օրոք: Իսկ Հեյդար Ալիեւի նախագահության օրոք, թեպետ պատերազմը նոր էր ավարտվել, նման խնդիրներ չկային:

Ադրբեջանի նման գործելակերպն ու դիրքորոշումը չեն զարմացնում «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանին: «Առաջին կամ երկրորդը դեպքը չէ, երբ նման բան է տեղի ունենում: Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործում է թշնամական կեցվածք ընդունելու համար: Բացի նրանից, որ նման վերաբերմունքը խորացնում է երկու երկրների եւ հասարակությունների միջեւ անդունդը, որեւէ նպաստ չի էլ բերում դրական զարգացումների համար»,- ասաց Բեքարյանը` հավելելով, որ անհրաժեշտ է հասկանալ, թե Բաքուն կազմակերպչական առումով ինչպիսի պարտավորություն ուներ ստանձնած, եւ խախտումների առնչությամբ ինչպիսի պատժամիջոց է սահմանվում:

Բեքարյանի գնահատմամբ, նման միջոցառումների խափանումն ու հարեւան պետության նկատմամբ բացահայտ թշնամական վերաբերմունքն իրենց հետքը թողնում են միջազգային հանրության վերաբերմունքի վրա եւ հետագայում դիվանագիտական խողովակներով ներկայացվում համանախագահներին: Սակայն այս առնչությամբ էլ հետքի եւ դրանից բխող հետագա արձագանքների առնչությամբ վիճակը բավական սահմանափակ է: «Միջնորդի համար նախ աննորմալ է, որ իրերն իրենց անունով չի կոչում, սակայն մյուս կողմից կոչելու դեպքում էլ վտանգվում է նրա միջնորդական առաքելությունը: Հենց այս հակասության վրա են խաղում Ադրբեջանի իշխանությունները»:

ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի 2014թ. նիստին մեկնող հայկական պատվիրակության այցը Բաքու չեղյալ է հայտարարվել: Պատճառն այն էր, որ ադրբեջանական կողմը չէր ցուցաբերել պատրաստակամություն` ապահովելու հայկական կողմի ընդունելությունը:

ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի 2014թ. նիստի նպատակն էր քայլեր ձեռնարկել, որոնք պետք է ուղղված լինեին տարածաշրջանում վստահության ամրապնդմանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսել էր, որ հայկական զինված ուժերի պատվիրակությունը Բաքվում պետք է մասնակցի վերոնշյալ հանդիպմանը: Պատվիրակության երթուղին կազմելիս տարանցիկ գոտի է ընտրվել Մոսկվան, եւ պատվիրակության անդամները ապրիլի 7-ին ՌԴ մայրաքաղաքում էին: Թեպետ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարությունը, հրավերին զուգահեռ, պաշտոնական ծանուցում էր ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, սակայն հյուրընկալող կողմը որեւէ կերպ չի հաստատել եւ ցուցաբերել պատրաստակամություն ու հետաքրքրություն` ապահովելու հայկական պատվիրակության ընդունելությունը: Նման վերաբերմունքի հետեւանքով հայկական պատվիրակության այցը Բաքու չեղյալ է հայտարարվել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայերեն Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել