Հարցազրույց

Էստոնիայի նախագահն անձամբ է Twitter-ում գրառում կատարում

7 րոպեի ընթերցում

Էստոնիայի նախագահն անձամբ է Twitter-ում գրառում կատարում

ՏԱԼԼԻՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Էստոնիայի նախագահի գրաֆիկում այցելությունների խիստ շրջան չէ, ապա նա հաճախ է հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Տեղական լրագրողների հետ հանդիպումը Թոմաս Հենդրիկը շատ է կարեւորում, տարեկան մի քանի անգամ ասուլիսներն ու բրիֆինգներն էլ նրա աշխատանքային օրակարգի մի մասն են կազմում: Նախագահը դեմ չի լինում ինչպես մամուլի ասուլիսներ հրավիրելուն, այնպես էլ հարցազրույցների անցկացմանը: Ի դեպ, այս պարագայում էլ Հենդրիկը տաբերակում չի դնում` լրագրողը ձայնագրիչո՞վ է գալիս հարցազրույց վերցնելու, թե՞ հարցերն ուղարկում է նախագահի էլ.փոստին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էստոնիայի նախագահի մամուլի խոսնակ, հանրային կապերի հարցերով խորհրդական Թոմաս Սիլդոմը պատմում է, թե ինչպես են աշխատում էստոնական լրատվամիջոցների հետ եւ սոցիալական ցանցերից ո՞րն է առավել հոգեհարազատ նախագահին:

- Ինչպե՞ս եք գնահատում ԶԼՄ-ների դերը էստոնական հասարակության կյանքում:

- Դերակատարությունը հսկայական է: Ինչպես յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, Էստոնիայում ևս ԶԼՄ-ները մեծ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի եւ քաղաքական որոշումների վրա: Ես կարծում եմ, որ էստոնական մեդիան մեծ մասմաբ պրոֆեսիոնալ է: Եթե քսան տարի առաջ գոյություն ուներ «դասական ԶԼՄ» հասկացություն, ապա այսօր օնլայն ԶԼՄ-ներն են աճ գրանցում եւ հասկանալի է, որ օրենքներն այնտեղ այլ են: Հաճախ են նյութ տեղադրում, որը չստուգված է, հետո կատարվում են թարմացումներ, փոփոխություններ եւ այլն: Այս առնչությամբ շատ մեծ է նաեւ սոցիալական ցանցերի դերը, որոնք հաճախ հանդես են գալիս որպես լրատվամիջոցներ:

- Վերջին ժամանակաշրջանում Twitter-ը դարձել է լրատվություն փոխանցելու կամ ներկայացնելու լավագույն միջոցը: Էստոնիայի նախագահը սոցիալական ո՞ր ցանցերից է օգտվում եւ որտե՞ղ ունի պաշտոնական էջեր:

- Փորձում ենք լինել հնարավորության սահմաններում օպերատիվ, օգտագործում ենք սոցիալական բոլոր հարթակները՝ Facebook, Twitter, Youtube: Կան տարբեր մեթոդներ, որպեսզի նախագահի խոսքը հասնի լսարանին: Չէի ասի, թե բոլոր լրագրողները համակարծիք են, որ նախագահը հասանելի է, բայց ընդհանուր առմամբ չի կարելի ասել, որ հասարակությունն ու զանգվածային լրատվության միջոցները տեղյակ չեն, թե ինչ կարծիք ունի նախագահը այս կամ այն հարցի շուրջ` ինչպես Էստոնիայում, այնպես էլ ողջ աշխարհում տիրող իրադարձությունների կապակցությամբ: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերին նախապատվությունտալուն, ապա Twitter-ում գրառումներ կատարում է անձամբ նախագահը: Նա է որոշում՝ ինչ տեղեկատվություն տեղադրել միկրոբլոգում, ինչը՝ ոչ, իսկ Facebook-ում տեղադրված տեղեկատվության պատասխանատուն ես եմ: Twitter-ում գրառումներին նույնպես պատասխանում է նախագահը:

- Դուք ինչպե՞ս եք վերաբերվում լրագրողներին: Նրանք Ձեր գործընկերնե՞րն են, Ձեր ընկերնե՞րն են:

- Իհարկե, լրագրողների շրջանում բազմաթիվ ընկերներ ունեմ:

- Նրանք է՞լ են կարծում, որ Դուք իրենց ընկերն եք:

- Կան մարդիկ, որոնց հետ ընկերություն եմ անում եւ հաճախ միմյանց այցելում ենք: Կան մարդիկ, որոնց համարում եմ իմ ընդդիմախոսը ոչ միայն լրագրության, այլեւ այլ բնագավառներում: Կյանքում միշտ էլ այդպես է: Եւ հաճախ է լինում, որ վիճաբանություններ են լինում, դա նորմալ ընթացք է:

- Իսկ ինչպիսի՞ն են հարաբերություններն ընդդիմադիր մամուլի հետ: Դուք նրանց հրավիրո՞ւմ են նախագահի ասուլիսներին կամ բրիֆինգներին:

- Մենք նրանց նյութերը կարդում ենք: Այսքանը կարող եմ ասել: Ես պատրաստ եմ բանավիճել նրանց հետ, եթե հասկանամ, որ իմ փաստարկները նրանց համար հետաքրքրական են, բայց երբ տեսնում եմ, որ իմ կարծիքը նրանց չի հետաքրքրում, այդ դեպքում նրանք իրենց գործն են անում, ես՝ իմ:

- Որպես մեդիա փորձագետ համագործակցո՞ւմ եք նաեւ Ազգային ժողովի, կառավարության կամ այլ պետական կառույցների հետ:

- Կան կառույցներ, որոնց հետ աշխատանքը շատ սերտ է: Օրինակ, նախագահը շատ է կարեւորում ու շատ սերտ հարաբերություններ ունի հատկապես Պաշտպանության նախարարության հետ, եւ, բնականաբար, համագործակցում են նաեւ լրատվության վարչությունները: Կառավարության հետ համագործակցությունը նույնպես կանվանեի արդյունավետ:

- Ինչպիսի՞ն պետք է լինի մեդիա փորձագետը, որպեսզի դառնա նախագահի մամուլի խոսնակ:

- Անկեղծ ասած, դեռեւս չեմ հասցրել նախագահին հարցնել, թե ինչո՞ւ է հենց ինձ կանչել այդ պաշտոնին: Ինձ համար դժվար է այդ հարցին պատասխանել: Կասեմ մի բան, նրա հետ բարեկամական հարաբերություններ չունեմ ( ծիծաղում է- Հ. Հ.) Իհարկե, մինչ մամուլի խոսնակ աշխատելը նրա ճանաչում էի եւ որպես լրագրող նրան մի քանի անգամ հանդիպել եւ հարցազրույց եմ անցկացրել, երբ նա դեռ ԱԳ նախարար կամ Եվրախորհրդարանի անդամ էր: Մենք հանդիպել ենք մի քանի անգամ, բայց ես վստահ չեմ, որ մենք այդ ժամանակ ընկերներ էինք:

- Իսկ այժմ դուք ընկերնե՞ր եք:

- Ես կարծում եմ, մենք լավ հարաբերություններ ունենք, բայց չեմ կարծում, որ ընկերներ ենք: Ընկերությունը հարաբերական հասկացություն է, շատ անձնական: Սակայն պետք է փաստեմ, որ այդքան լավ ղեկավար, որքան նա է, չեմ ունեցել եւ, երեւի, չեմ էլ ունենա:

- Ինչո՞վ է առանձնանում Էստոնիայի նախագահը` բացի նրանից, որ անձամբ է թվիթերում գրառումներ կատարում:

- Նրա կրթությանը, դաստիարակությանը, շրջահայացությանը մեծ նշանակություն եմ տալիս եւ դրանք շատ եմ կարեւորում: Նա հետաքրքիր անձնավորություն է, մտավորական, եւ շատ հետաքրքրական է իր հետ աշխատելը: Նրա հեղինակությունը, վարկանիշը հասարակության մեջ բավական բարձր են, եւ այդ առումով, անշուշտ, մեծ դեր են խաղում թե լրատվամիջոցները, թե իր անկեղծ պահվածքն ու վերաբերմունքը: Մենք միշտ գիտակցում ենք, որ կարող են լինել սուր հարցեր, վատ հոդվածներ, դրանից չենք բարդույթավորվում եւ աշխատում ենք յուրաքանչյուր հարցին տալ կոնկրետ եւ հիմնավորված պատասխան:

Էստոնիան խորհրդարանական հանրապետություն է: Նախագահն ընտրվում է պատգամավորների քվեարկությամբ: Սոցիալ-դեմոկրատ Թումաս Հենդրիկն ընտրվել է 2011թ. Խորհրդարանի 101 պատգամավորներից նրա օգտին քվեարկել են 73-ը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում