ԵՐԵՎԱՆ,3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ Mp3-ն ապրիլի 5-ին կմասնակցի մրցույթին ընդառաջ Ամստերդամում կայանալիք համերգին, որը տեղի է ունենալու եվրոպական շրջագայության շրջանակում:
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որմեր մասնակցի հետ Ամստերդամ է մեկնելու նաև հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նախքան համերգը նախատեսվում է մրցույթի մեր ներկայացուցչի հանդիպումը լրագրողների հետ: Կայանալիք համերգին կմասնակցեն մրցույթի տարբեր երկրների ներկայացուցիչներ: Արամ Mp3-ն կկատարի իր Not Alone երգը: Ապրիլի 5-ը երգչի ծննդյան օրն է: Նա Ամստերդամում կտոնի իր 30-ամյա հոբելյանը:
«Եվրատեսիլ-2014»-ի մեր մասնակիցը «Վիտամին»հումորի ակումբի հետ մարտի 27-ից ուղևորվել է համերգային շրջագայության: Առաջին համերգը տեղի է ունեցել մարտի 28-ին Ռոստովում, երկրորդը` մարտի 29-ին` Պյատիգորսկում, իսկ երրորդը`մարտի 30-ին Կրասնոդարում: Ապրիլյան հյուրախաղերը մեկնարկել են Սոչիում ապրիլի 1-ին, այնուհետև կշարունակվենՄոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և ապրիլի 8-ին կեզրափակվեն Նիժնի Նովգորոդում: Այնուհետև Արամ Mp3-ի համերգային շրջագայությունը կշարունակվի Եվրոպայում: Հեռուստատեսային մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Արամ Mp3-ն մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում ելույթ կունենա առաջին համարի ներքո: Հայաստանից հետո ելույթ կունենան Լատվիան, Էստոնիան, Շվեդիան, Իսլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելգիան, Մոլդովան, Սան Մարինոն, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Մոնտենեգրոն և Հունգարիան: