Իրավունք

Կուտակային կենսաթոշակների հարցով դիմող կողմը ՍԴ որոշումը պետականության հաջողություն է որակում

4 րոպեի ընթերցում

Կուտակային կենսաթոշակների հարցով դիմող կողմը ՍԴ որոշումը պետականության հաջողություն է որակում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածների սահմանադրականության հարցով դիմող կողմի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը համարում են պետականության և քաղաքացիների հաջողություն և երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու խթան: Միաժամանակ, կենսաթոշակային ոլորտը բարեփոխումների կարիք ունի, որը պետք է իրականացվի` հաշվի առնելով ՍԴ որոշումը:

Ապրիլի 2-ին հրավիրած ասուլիսում դիմող կողմի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս պայքարում իրենք թշնամի չունեն և ուզում են, որպեսզի Սահմանադրական դատարանի որոշումն ընկալվի որպես պետականության և քաղաքացիական հասարակության հաջողություն: «Սա անհատական հաղթանակների հաջողություն չէ, սա, իսկապես, մեր պետականությունն ամրապնդելուն ուղղված գործողություն է, որն արտացոլվեց Սահմանադրական դատարանի որոշման մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ պատգամավորը:

Մինասյանը մանրամասնեց օրենքի այն դրույթները, որոնք ճանաչվել են Սահմանադրությանը հակասող: Նա, մասնավորապես, նշեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասը ճանաչվեց Սահմանադրությանը հակասող և անվավեր սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակման դրսևորումների պատճառով: Պատգամավորը նշեց, որ մինչև սեպտեմբերի 30-ը վերջնաժամկետ է տրվել ԱԺ-ին և Կառավարությանը՝ հնարավորություն տալով օրենքի և դրա հետ կապակցված այլ ակտերի իրավակարգավորումները ՍԴ որոշման պահանջներին համապատասխանացնելու համար:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ կենսաթոշակային ոլորտը բարեփոխումների կարիք ունի, և դրանք պետք է իրականացվեն` հաշվի առնելով ՍԴ որոշումը: Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը բավարարել է դիմող կողմի դիմումը: «Սահմանադրական դատարանի որոշման 64 էջերում արծարծված են այն բոլոր հարցերը, որոնք մենք բարձրացրել ենք: Ըստ էության, մեր բոլոր իրավական դիրքորշումները դարձել են Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներ»,- նշեց Զեյնալյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշման բաղկացուցիչ մաս են կազմում այն իրավական դիրքորոշումները, որոնք արտահայտված են տեքստում և պարտադիր են կատարման համար: Իրավապաշտպանը նշեց, որ պետությունըչի կարող մարդու կամքից անկախ նրա սեփականության իրավունքի նկատմամբ սահմանափակումներ իրականացնել, ինչը բխում է նաև ՍԴ որոշումից:

Փաստաբան Մերի Խաչատրյանը նշեց, որ քաղաքացիները, աշխատողները և գործատուները պետք է իրենց գործողություններում ղեկավարվեն Սահմանադրական դատարանի հրապարակված իրավական դիրքորոշումներով: «Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը չի կարող անջատ լինել նրա նկարագրական և պատճառաբանական մասից, դրանք փոխկապակցված են, և Սահմանադրությամբ ամրագրված է, որ սահմանադրական նորմերը գործում են անմիջականորեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հակասահմանադրական ճանաչված դրույթները չեն կարող հետադարձ ուժ ունենալ: Փաստաբանը չբացառեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը հնարավոր է ամբողջությամբ վերանայվի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում