Թուրքիան պատերազմ և անկայունություն է հրահրում Սիրիայում` հայերին կրկին բնաջնջելու նպատակով. Թալալ Խրայիս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալ Նուսրա ճակատ» ծայրահեղական վարձկանների միջոցով Թուրքիան պատերազմ և անկայունություն է հրահրում` հայերին կրկին բնաջնջելու, նրանց գերեզմանները և եկեղեցիները պղծելու համար: Էրդողանի կառավարությունը շարունակում է հալածանքները հայերի դեմ: Թուրքիայի կողմից սատարվող ահաբեկիչներն ավերում և պղծում են Սիրիայի Քեսաբ քաղաքի հայկական եկեղեցիները և գերեզմանները: Բացի դրանից, ՆԱՏՕ-ի անդամ երկրում ռեկորդային թվով լրագրողներ գտնվում են բանտերում: Այս մասին «Արմենպրես»-ի համար պատրաստած հոդվածում նշում է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու, լրագրող Թալալ Խրայիսը: «Թուրքիայի բռնակալ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի արարքը զարմանալի չէր լրագրողներից և ոչ մեկիս համար, քանի որ նա իր երկրի ներսում սահմանափակում է խոսքի և կարծիքի հիմնարար ազատությունները` տեղ չթողնելով նաև մյուս կուսակցությունների պրոպագանդայի համար: Լրագրողների դեմ հարատև ճնշումները և բանտարկությունները Թուրքիայում հասնում են ամենաբարձր մակարդակի: Միայն տեսեք` ինչ է կատարվում Սիրիայում, ուր նոր օսմանցիների կողմից սատարվող ահաբեկիչներն ավերում են եկեղեցիները, սպանում քրիստոնյաներին, և ուր շարունակվում է հայերի սպանդը չափավոր իսլամի հետևորդների կողմից. սպանդ, որ սկսվելով 1915 թվականի կոտորածներով` շարունակվում է մինչև անցած շաբաթ Քեսաբի անմեղ բնակիչների սպանություններով»,- նշում է հեղինակը:

Լրագրողը հաղորդում է, որ Սիրիայի հյուսիսային հատվածի իր գործընկերները հաստատել են թուրքական բանակի կողմից սահմանը «Ալ Քաիդային» առընթեր 5000 իսլամիստ ծայրահեղականների համար բացելու և նրանց մուտքը Քեսաբ ապահովելու մասին լուրերը: Նա նաև նկատում է, որ դա Թուրքիայի և Սիրիայի միջև կնքված 40 տարվա պայամանգրի կոպիտ խախտում է, ըստ որի` արգելվում է թուրքական բանակի ներկայությունը սահմանին:

Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը նույնպես քննադատել է Քեսաբի վրա հարձակումները` կոչ անելով Իտալիայի կառավարությանը հանդիպել Իտալիայում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանների հետ և իր բողոքը հայտնել այդ երկրների վարած հակահայկական քաղաքականության վերաբերյալ: «Ասսադակահ» կենտրոնը նման պահանջով նամակներ է ուղղել Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինիին, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի անդամ Ֆաբրիցիո Չիկիտոյին, սենատոր Պիեր Ֆերդինանդո Կազինիին և Իտալիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայուցչության ղեկավար Լուչո Բատիստոտին:

Հայերեն English

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում առևտրային համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնեն

Իրանը մտադիր է ապավինել դիվանագիտությանը միջուկային ծրագրի հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում

Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, բարիդրացիության, վստահության և փոխըմբռնման օրինակ է. Երևանում նշվեց ԻԻՀ ազգային տոնը

Մարտի 31-ին հայտնի կդառնա նոր կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր թողարկողը

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Ռուսաստանում հայտարարել են Դամասկոսի նոր իշխանությունների և Մոսկվայի միջև հաստատված երկխոսության մասին

«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները