Իրավունք

ՍԴ անդամները հարցեր ուղղեցին կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ դատաքննության դիմող կողմին

5 րոպեի ընթերցում

ՍԴ անդամները հարցեր ուղղեցին կուտակային կենսաթոշակների մասին օրենքի  վերաբերյալ դատաքննության դիմող կողմին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահն ու որոշ անդամներ հարցեր ուղղեցին դիմող կողմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ նախագահն առաջին հարցով շոշափեց սեփականության իրավունքի հարցը, որտեղ դիմող կողմը շեշտադրել է Սահմանադրության 31-43 հոդվածները: «Հիմնականում շեշտադրում կատարվեց օրենքի («Կուտակային կենսաթոշակների մասին») 5, 7, 13 հոդվածներին: Օրենքի 76-րդ հոդվածում այս իրավահարաբերությունների շրջանակներում սեփականության տիրապետման, տնօրինման օգտագործման իրավունքի սահմանափակում է նախատեսվում, ընդ որում դա նախատեսվում է իրականացնել վարչական ակտի միջոցով: Դուք այս նյութին չանդրադարձաք: Պարզապես չցանկացա՞ք դա շոշափել, թե այնքան ակնհայտ էր, որ ավելորդ համարեցիք դրան անդրադառնալ»,- հարցրեց ՍԴ Նախագահը:

Հարցին ի պատասխան, դիմող կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ հոդվածը փոխկապակցված է և հանգամանքը շատ ակնհայտ է: «Վարչական ակտով միջամտություն չի կարող լինել սեփականության իրավունքի նկատմամբ, դա կարող է արվել բացառապես դատական կարգով, որպեսզի համապատասխանի Սահմանադրությանը: Այն ձևակերպումը, որն առկա է 76-րդ հոդվածում, հակասում է Սահմանադրության հոդվածներին, հակասում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»,- ասաց Զեյնալյանը:

Հաջորդ հարցով Գագիկ Հարությունյանը նկատեց, որ դիմող կողմն ուսումնասիրել է միջազգային փորձը: «Ձեր ուսումնասիրման ընթացքում հանդիպե՞լ եք որևէ երկրի փորձի, որտեղ սոցիալական ապահովության վճարները և հարկերը միավորված լինեն և դրանք դիտարկվեն որպես հարկ»,- հարցրեց ՍԴ Նախագահը:

Հարցին ի պատասխան՝ դիմող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք իսկապես ուսումնասիրել են մեծաթիվ երկրների փորձեր: «Երկրներ, որտեղ իրավակարգավորման տեսակետից նախատեսված լինի պարտադիր կեսաթոշակային վճար, որը հետո վերածված լինի հարկի, զուտ այն պատճառով, որն այն համապարտադիր բնույթ է կրում, մենք չենք հանդիպել, բայց արձանագրել ենք մեկ կարևոր հանգամանք, որ ի սկզբանե, որպես կենսաթոշակային ապահովության միջոց, գերակշիռ ուղղություն տրված է եղել կամավոր հատկացումներին»,- պատասխանեց Մինասյանը՝ հավելելով, որ սոցիալական վճարները, դիտարկված երկրներում, ի սկզբանե եղել են օրենքի մակարդակով:

Դիմող կողմին հարցեր հղեցին նաև Սահմանադրական դատարանի այլ անդամներ:Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվեց, թե որն է հայցի առարկան. նախապես Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի մեջ քննության առարկա է դարձված վիճահարույց օրենքի 8 հոդված, մինչդեռ դատարանում քննության ժամանակ դիմող կողմը կենտրոնացել է պարտադիր բաղադրիչի երեք հոդվածների վրա: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հայցի առարկան չի փոխվել, ավելին, դրանում ավելացել են օրենքի որոշ դրույթներ:

ՍԴ մյուս անդամ Կիմ Բալայանը պատգամավորից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է իրենք կողմ լինեն այլ մեխանիզմների կիրառման, որը պարտադիր լինի, բայց ասենք եկամտային հաշվից կատարվի գանձումը: Արծվիկ Մինասյանն արձագանեց, որ ցանկացած մեխանիզմ ներդնելիս պետք է հաշվի առնել հանրության կարծիքը, ինչը պարտադիր կուտակային բաղադրիչի պարագայում հաշվի չի առնվել: Բալայանը փորձեց ճշգրտել` «այսինքն, ես ուզում եմ հասկանալ` համակարգի ներդրմանը կողմ եք, բայց այս կարգով ներդրմանը դեմ եք»: «Ոչ, պարտադրման այս ձևը և այս չափը մեզ համար անընդունելի են», -արձագանքեց Արծվիկ Մինասյանը:

Սահմանադրական դատարանում մարտի 28-ին սկսվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությանը՝ ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումի հիման վրա:

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ` կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Հակոբ Վարդանյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում