ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» մրցույթում Հայաստանի պատվիրակ, «Վիտամին» ակումբի անդամ Արամ Mp3-ն կմասնակցի ակումբի տոնական նկարահանում- համերգին, որը տեղի կունենա մարտի 26-ին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ակումբից, համերգի ընթացքում կհնչեն Արամ Mp3-ի լավագույն հումորային կատարումները:Նկարահանումը կցուցադրվի հեռուստատեսությամբ ապրիլին:
«Եվրատեսիլ-2014» -ի մեր մասնակիցը «Վիտամին»հումորի ակումբի հետ մարտի 27-ին ուղևորվելու է համերգային շրջագայության:
Առաջին համերգը տեղի կունենա մարտի 28-ին Ռոստովում, երկրորդը` մարտի 29-ին` Պյատիգորսկում, իսկ երրորդը`մարտի 30-ին Կրասնոդարում: Ապրիլյան հյուրախաղերը կմեկնարկեն Սոչիում ապրիլի 1-ին, այնուհետև կշարունակվենՄոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և կեզրափակվենապրիլի 8-ին Նիժնի Նովգորոդում: Այնուհետև համերգային շրջագայությունը կշարունակվի Եվրոպայում:
«Եվրատեսիլ 2014»-ի պաշտոնական կայքը մարտի 24-ին հայտնել է, որ երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն Not Alone երգով ելույթ կունենա առաջինը:
Հայաստանից հետո ելույթ կունենան Լատվիան, Էստոնիան, Շվեդիան, Իսլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելգիան, Մոլդովան, Սան Մարինոն, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Մոնտենեգրոն և Հունգարիան:
«Եվրատեսիլ-2014»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: