Պաշտոնական

ՀՀ Նախագահն անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի բարձրացրած հարցին

4 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահն անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի բարձրացրած հարցին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել այս օրերին Նեդերլանդների Հաագա քաղքում անցկացվողՄիջուկային անվտանգության գագաթնաժողովում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ելույթի սկզբում նա նշել է, որմիանում է Նիդերլանդների հասցեին հնչեցված շնորհակալական խոսքերին՝ գագաթնաժողովը փայլուն կազմակերպելու և անցկացնելու համար:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որՀայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում, և Սեուլի գագաթնաժողովից հետո երկիրը քայլեր է իրականացրել համաձայնեցված նպատակների ուղղությամբ:

Նա նաև հիշեցրել է, որ 2013թ. մայիսին Հայաստանը վավերացրել է «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի» 2005թ. լրացումը և «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան: «Երկու փաստաթղթերի վավերագրերն էլ հանձնվել են ի պահ ԱԷՄԳ-ին: Ամրապնդել ենք միջուկային նյութի հաշվառման և վերահսկման իրավական գործիքները՝ լրացումներ կատարելով «Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում»,- ասել է ՀՀ Նախագահը:

Նրա խոսքով` միջուկային ահաբեկչության վտանգի չեզոքացման ուղղությամբ 2013թ. հունվարին ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում հիմնադրվել է Միջուկային և ռադիոլոգիական նյութերի տեխնիկական և փորձաքննական լաբորատորիա, որն զգալիորեն նպաստել է միջուկային մաքսանենգության անդրազգային սպառնալիքին արձագանքելու Հայաստանի կարողությունների բարելավմանը:

«Կանխարգելման հարցերում առանցքային եմ համարում տարածաշրջանային համագործակցությունը: 2012թ. հունիսին հարևան Վրաստանի հետ մենք անցկացրեցինք զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի համատեղ միջսահմանային վարժանք»,- նշել է Սերժ Սարգսյանը`հավելելով, որՀայաստանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացման ազգային ծրագրի մշակում` ներգրավելով ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 կոմիտեի և Եվրոպական միության փորձագետներին:

«Այսօրվա նիստում Ադրբեջանի Նախագահը հարց բարձրացրեց Հայաստանի Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ: Ցանկանում եմ նշել, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում՝ հետևողականորեն կատարելով գործակալության թիվ 640 տեխնիկական փաստաթղթով սահմանված պահանջները: Այդ մասին են վկայում ԱԷՄԳ-ի կողմից անցկացրած ՕՍԱՐՏ առաքելության արդյունքները: Ինչ վերաբերում է հնչեցված բամբասանքներին, որ իբր մենք խնդիրներ ենք ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված, ապա այդպիսի սուտն առաջին հերթին անվստահության դրսևորում է միջազգային կառույցների նկատմամբ, որովհետև մենք մեր բոլոր ծրագրերը համակարգում ենք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ»,- եզրափակել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում